Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունը հավանություն տվեց բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին որոշման նախագծին:

«Ներկայացվող նախագիծը շատ կարևոր է կրթության ոլորտի բարեփոխումների ողջ գործընթացում և ուղղված է ցույց տալու, որ մենք մեծ ծավալի աշխատանքներ ենք իրականացնում ենթակառուցվածքների ուղղությամբ. և «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում մեր աշխատանքներն ուղղված են հենց նման միջավայրեր ձևավորելուն: Բայց իրականում որակյալ կրթությունը նաև բովանդակային փոփոխություններն են, և լրացնելով հանրակրթության չափորոշչի մասնագիտական զարգացման կառավարման բարեփոխումները՝ մենք ներդնում ենք նաև նոր գործիքակազմեր, որոնք մի կողմից թույլ են տալու գնահատել դպրոցների աշխատանքը, մյուս կողմից՝ թույլ են տալու խրախուսել այն դպրոցներին, որոնք լավ աշխատանք են անում, և այդ իմաստով նաև խթանել կրթության ոլորտում գերազանցությունը, նորարարությունը, որը նաև կրթական համակարգի զարգացման առանցքային բաղադրիչն է, ինչպես նաև անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել այն դպրոցներին, որոնք չունեն բավարար արդյունքներ, որովհետև առաջին հերթին բավարար արդյունքներ չունենալը նշանակում է, որ այդ դպրոցներում մենք պետք է մտահոգություններ ունենանք մեր երեխաներին տրամադրվող կրթական ծառայությունների որակի նկատմամբ, և, հետևաբար, պետությունը առանձին գործիքակազմ պետք է ունենա՝ հասցեագրելու նաև այդ դպրոցների խնդիրները:

Ներդրվում է բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու և ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը, որը երկու բաղադրիչ ունի: Առաջին՝ բարձր կատարողական ցուցաբերած դպրոցներն են, որոնց մրցութային հիմունքներով նախատեսում ենք տրամադրել լրացուցիչ ֆինանսավորում տարեկան մինչև 10 մլն դրամի չափով, որը կարող է ուղղվել ընթացիկ ծախսերին,այսինքն՝ հիմնականում այս աշխատանքները պետք է ուղղված լինեն մասնագիտական զարգացման լրացուցիչ ծրագրերին, նոր մեթոդների ներդրմանը, նորարարական տեխնոլոգիաներին: Այս միջոցները կարող են ուղղվել նաև դպրոցի փորձը տարբեր հարթակներում ներկայացնելուն, այդ թվում՝ կրթության ոլորտում միջազգային աշխատաժողովներին և համաժողովներին մասնակցելու, ինչը, կարծում ենք, մեծ հեռանկար ու ճանապարհներ կբացի մեր համակարգում լավ արդյունքներ ցույց տվող դպրոցներին էլ ավելի առաջ գնալու և նաև մնացած համակարգը իրենց հետևից տանելու ճանապարհով: Շատ կարևոր է, թե ինչպես են ընտրվելու դպրոցները: Ամեն տարի մինչև հունիսի 30-ը մենք հնարավորւթյուն ենք տալու, որ նրանք դիմեն մրցույթին»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ հաշվի են առնվելու դպրոցում կամավոր ատեստավորված, տարակարգ ստացած ուսուցիչների համամասնությունը, աշակերտների՝ օլիմպիադաներին մասնակցությունը:

«Այնպիսի ցուցանիշներ են, որոնք շատ չափելի են և միևնույն ժամանակ ցույց են տալիս դպրոցների կողմից կրթական վարվող քաղաքականությանը մասնակցությունը և դպրոցի նախաձեռնողականությունը: Այնուհետև ձևավորված հանձնաժողովի կողմից, որտեղ ոչ միայն ոլորտի, կառույցի ներկայացուցիչներ են, այլև կրթության փորձագետներ, իրականացվելու է դպրոցների կողմից ներկայացված նորարարական ծրագրերի գնահատում: Մինչև դեկտեմբերի ավարտը այդ ծրագրերի գնահատման արդյունքում ընտրվելու են արդեն իսկ ֆինանսավորման ենթակա ծրագրերը: Հաջորդ տարվա հունվարից իրականացվելու է ֆինանսավորումը: Կարևոր եմ համարում, որ մենք սահմանել ենք, որ մեկ անգամ ֆինանսավորում ստանալուց հետո այնուհետև 3 տարվա ժամկետ ենք սահմանում, որ մրցակցությունը խթանենք, և մյուս դպրոցները կարողանան ևս մասնակից դառնալ և օգտվել այս հնարավորությունից»,- նշեց նախարարը: 

Երկրորդ՝ ցածր կատարողականի աջակցության տրամաբանության հատկացման համար գնահատվելու է ամբողջ համակարգը:

«Ամեն տարի հոկտեմբերի ընթացքում տեղեկատվական համակարգում արդեն իսկ յուրաքանչյուր դպրոցի մասին առկա մանրամասն տեղեկատվության հիման վրա ձևավորվելու է ինքնաշխատ հաշվետվություն, և մենք առանձնացնելու ենք ամենացածր արդյունք գրանցած 40 հաստատությունները համապատասխան տեղեկատվական հարթակի տվյալների հիման վրա: Հաջորդ փուլում ԳԹԿ-ն տվյալ հաստատաություններում իրականացնելու է սովորողների առաջադիմության կամ գիտելիքների ստուգման գործընթաց, և մենք տեսնելու ենք նաև տեղեկատվական համակարգի տվյալներով ամենացածր ցուցանիշներով դպրոցներում երեխաների գիտելիքների և դրանց յուրացման հետ կապված իրավիճակը:

Այս 2 տվյալների արդյունքներով ընտրվելու են ամեն տարվա արդյունքով առավելագույնը 30 հաստատություններ. դրանց կցվելու են մենթոր դպրոցներ կամ հաստատություններ, որոնք պետք է աջակցեն նրանց, և կազմվելու է մենթոր հաստատությունների աջակցությամբ բարելավման ծրագիր, որը 2 տարի տևողություն պետք է ունենա, և 2 տարի տևողությամբ լրացուցիչ ֆինանսավորում է հատկացվելու դպրոցներում անհրաժեշտ աշխատանքները իրականացվելու տարեկան բյուջեի 5 տոկոսի չափով, որը չի կարող պակաս լինել 5 մլն դրամից: 2 տարվա արդյունքով, եթե չունենանք բավարար արդյունք, ապա նաև քննարկվելու է դպրոցի ղեկավարության պաշտոնավարման հարցը: Կարծում եմ, որ այս գործիքակազմը շատ կարևոր է համակարգում ներդնել»,- ասաց Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ ժամկետը հստակ է. մյուս տարվա հունիսի 30-ին է լինելու առաջին մրցույթը:

399