Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություն և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը:

«Ներկայացված նախագծով նախատեսվում է 2025 թվականի պետական բյուջեով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում 3 մլրդ 408 մլն 199 հազար 800 դրամի չափով: Այս նախագծի նպատակն է կատարել մի շարք հատկացումներ 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի պատշաճ կատարման համար, դպրոցների արագ արձագանքման ֆոնդի համալրման համար, որով հոգում ենք դպրոցների հրատապ կարիքները: 

Մասնավորապես՝ նախագծի շրջանակում վերաբաշխվող գումարի շուրջ 2 մլրդ դրամը նախատեսվում է ուղղել դպրոցների և կրթահամալիրների կառուցմանը. ընդ որում՝ դպրոցների կառուցմանը՝ 1.3 մլրդ դրամի չափով, կրթահամալիրների կառուցմանը՝ 700 մլն դրամի չափով: 

Այս որոշման նախագծով մի կարևոր ուղղությամբ էլ ենք գումար հատկացնում, որը 545 մլն դրամի չափ է, և դա գնալու է կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրի փոխարժեքի տատանումով առաջացած գումարների սպասարկմանը: 

Նաև արագ արձագանքման ֆոնդի գումարն ենք ավելացնում, սա դպրոցների հրատապ կարիքների լուծման համար է: 40 մլն դրամի մասին է խոսքը, սրանով մենք կկարողանանք շուրջ 25 դպրոց ընդգրկել»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա նշեց, որ Կառավարության նիստի օրակարգում մեկ այլ նախագծով կապիտալ ծրագրերի իրականացման միջոցներից վերաբաշխում է իրականացվել 1 մլրդ 512 մլն 583 հազար 400 դրամի չափով:

«Այստեղ հիմնականում քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ իրականացվող ծրագրերին է խոսքը վերաբերում: Մասնավորապես՝ այս միջոցներն ուղղված են մի շարք կրթական հաստատությունների, որոնք ավարտված են կամ ավարտական փուլում են, այդ թվում՝ 3 մանկապարտեզ, կառուցվող մեկ դպրոց, 3 դպրոցի մարզադահլիճներ, ինչպես նաև նոր մեկնարկող հինգ մանկապարտեզներ. գումարներն ուղղված են դրանց, տարեկան հատկացումներ ենք ավելացնում ընթացող օբյեկտների՝ մասնավորապես մեկ մանկապարտեզ, մեկ կրթահամալիր, և նոր օբյեկտների հաշվարկային փաստաթղթերի համար, 15 դպրոցների՝ մասնավորապես նախագծա-նախահաշվային փաստաթղթեր են: Կան չափագրման որոշակի աշխատանքներ 9 մանկապարտեզների, 5 դպրոցների, 2 դպրոցի մարզադահլիճների, և որոշ այլ նախագծանախահաշվային փաստաթղթերի լրամշակման աշխատանքներ են 1 դպրոցի, 16 մանկապարտեզի և 1 թատրոնի, խոսքը Վանաձորի թատրոնի մասին է, որտեղ նախատեսում ենք նոր շենք ունենալ»,- ասաց նախարարը:

283