Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆինլանդիան, որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, կգլխավորի մասնակից պետությունների հետ քննարկումները՝ ի պատասխան Ադրբեջանի և Հայաստանի համատեղ կոչի՝ փակելու Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցները։

Ադրբեջանական Report-ի փոխանցմամբ՝ այս մասին Եվրոպական զեկույցների բյուրոյին հայտարարել է կազմակերպության գլխավոր գրասենյակը։

Իր հերթին, ԵԱՀԿ քարտուղարությունը պատրաստ է իրականացնել այդ քննարկումների արդյունքում ընդունված բոլոր որոշումները, հայտարարել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը։

ԵԱՀԿ-ն հաստատել է, որ օգոստոսի 11-ին Ադրբեջանից և Հայաստանից ստացվել է համատեղ դիմում՝ Նախարարների խորհրդին ուղղված առաջարկով՝ լուծելու Մինսկի խմբի և դրա հետ կապված այլ ինստիտուտների փակման հարցը։

Կազմակերպության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ԵԱՀԿ-ն շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին։

ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին՝ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման համար։ 2020 թվականի պատերազմից հետո Բաքուն հայտարարել է, թե հակամարտությունը լուծված է, և նման պայմաններում ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի, ո՛չ էլ դրա ինստիտուտների կարիք չկա։ Ադրբեջանն առաջարկել է, որ Հայաստանը համատեղ դիմում ներկայացնի ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները, Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարների ներկայությամբ, ստորագրել են խումբը լուծարելու համատեղ կոչ:

181