Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ս/թ. սեպտեմբերի 9-ի դրությամբ «ՀԷՑ» ՓԲԸ էլեկտրամատակարարման բաշխման ցանցի նոր բաժանորդ դառնալու համար ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներկայացված դիմում-հայտերի ընդհանուր թիվը կազմում է 5.591, որից միացման պայմանագրեր են կնքվել 3.317 սուբյեկտների հետ. 1.568 հայտի դեպքում առկա են ժամկետների խախտումներ։

 

«ՀԷՑ» ՓԲ Ընկերության Ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականի հիման վրա իրականացված համապարփակ ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու դիմումատուների հետ կնքված 3.317 միացման պայմանագրերից շուրջ կեսի պարագայում՝ այն է 1.568-ի դեպքում, արձանագրվել են բաժանորդ դառնալու ընթացակարգին վերաբերող պայմանագրային ժամկետների խախտումներ. ընդ որում, այդ խախտումները մեծամասամբ վերաբերելի չեն հայտ ներկայացրած անձանց պարտավորություններին: 

 

Միացման գործընթացի պայմանագրային ժամկետների խախտումների հիմնական պատճառները ոչ միայն «ՀԷՑ» ՓԲ Ընկերության տարբեր ստորաբաժանումներում դեռևս նկատվող՝ «ավանդաբար»  ոչ հետևողական աշխատելաոճի արդյունք են, այլ նաև պայմանավորված են այն հանգամանքով, որ նոր միացումների ապահովման ուղղությամբ տարվող հսկայածավալ աշխատանքները «ավանդույթի ուժով» դեռևս արտապատվիրակված են բացառապես մի քանի  «արտոնյալ» շինարարական ու նախագծային կազմակերպությունների, որոնք տարիներ շարունակ, զբաղեցնելով մենաշնորհային դիրք ՀԷՑ-ի բազմապրոֆիլ գործունեության տարբեր ոլորտներում, հանգեցրել են հսկայածավալ աշխատանքների կատարման ժամկետների էական խախտումների:

 

ՀԷՑ-ի էլեկտրամատակարարման բաշխման ցանցին ֆիզիկական և իրավաբանական անձանց էներգահամակարգերի միացման աշխատանքների վերջնաժամկետների ուշացումների պատճառ են դառնում նաև Տեղական ինքնակառավարման մարմիններում բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով համաձայնեցումների և թույլտվությունների ստացման աշխատանքների դանդաղումը, տեղերում ցուցաբերվող անհետևողականությունն ու ոչ արհեստավարժ մոտեցումը: 

 

Ստեղծված իրավիճակն արդյունք է նաև ՀԷՑ-ի համապատասխան ստորաբաժանումների կողմից կապալառու ընկերությունների աշխատանքների նկատմամբ ոչ պատշաճ վերահսկողության և վերջիններիս կողմից վերջնաժամկետների պահպանման հանդեպ ՀԷՑ-ի համապատասխան իրավասու անձանց կողմից ցուցաբերված տևական լոյալության ու «լուռ անտարբերության»:

 

Տարիներ շարունակ «ՀԷՑ» ՓԲ Ընկերության հետ կնքված՝ բաժանորդ դառնալու նոր միացումների Պայմանագրերի կատարմանն ուղղված բազմապրոֆիլ աշխատանքների իրականացման գործառույթներն արտապատվիրակվել են բացառապես հետևյալ 4 ընկերություններին.

 

«Կասկադ էներգո Սերվիս» ՍՊԸ.

 

Այս պահի դրությամբ նոր միացումների ապահովման արտապատվիրակված աշխատանքների ընդհանուր քանակն այս ընկերությանը կազմում է՝ 418 միացման հայտ, որոնցից ժակետների ուշացումով՝ 223 աշխատանք:

 

«Արեւ Քնստրաքշն» ՓԲԸ.

 

Արտապատվիրակված աշխատանքների ընդհանուր քանակն այս պահին կազմում է՝ 587 միացման հայտ, որոնցից ժամկետների ուշացումներ՝ 340-ի դեպքում:

 

«Լույս Էներջի» ՓԲԸ.

 

Արտապատվիրակված աշխատանքների ընդհանուր քանակն ընթացիկ փուլում՝ 584 միացման հայտ, որոնցից ժամկետների ուշացումով՝ 197 աշխատանք:

 

 «Ինտեկո Էներգո» ՓԲԸ.

 

Արտապատվիրակված աշխատանքների ընդհանուր քանակն այս պահին՝ 619 միացման հայտ, որոնցից շինարարի փուլի ուշացմամբ են՝ 267 աշխատանք:

 

«ՀԷՑ» ՓԲԸ-ի կողմից նոր բաժանորդներ դառնալու հայտերի նախագծային աշխատանքները ևս տարիներ շարունակ արտապատվիրակվել են 1-2 կոնկրետ նախագծային ընկերությունների, և այս պահին նոր բաժանորդ դառնալու 3.317 միացման Պայմանագրերի պահանջների կատարման՝ նախագծային աշխատանքների փուլին վերաբերող ժամկետների խախտումներ ունենք թվով 318 հայտի դեպքում, որից միայն 308 հայտի խախտված ժամկետները վերաբերում են «Վոլիոս» ՓԲԸ-ին, մնացած 10-ը՝ «Էներգացանցնախագիծ» ՓԲԸ պատասխանատվության տիրույթում են:

«ՀԷՑ» ՓԲԸ Ժամանակավոր կառավարչի հանձնարարությամբ Ընկերության տեխնիկական տնօրինության համապատասխան ստորաբաժանումներն այս փուլում ինտենսիվ աշխատանքներ են տանում Պայմանագրի կողմ հանդիսացող ընկերությունների հետ՝ արագացնելու գործող Պայմանագրերով սահմանված ժամկետների և պարտավորությունների երկուստեք կատարման ենթակա աշխատանքների իրականացումը, ինչպես նաև զուգահեռաբար ընթացակարգեր են մշակվում՝ բաժանորդ դառնալու նոր միացման հայտերի սպասարկումն ավելի դյուրին և հեշտացված ընթացակարգերով իրականացնելու նպատակով:

Նոր միացումների իրականացումն ապահովող արտապատվիրակված աշխատանքների  Պայմանագրերի կատարումից հետո նախատեսվում են ներառական, բաց և թափանցիկ մրցութային գնման գործընթացներ՝ տվյալ աշխատանքներն ավելի մեծ թվով ընկերությունների արտապատվիրակելու և մրցակցային միջավայրում ավելի սեղմ և վերահսկելի ժամկետներում իրականացնելու ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու հայտերի սպասարկման գործընթացները՝ բացառելու համար նմանատնիպ ուշացումներն ու ֆիզիկական և իրավաբանական անձանց հավելյալ անհարմարություններ պատճառելու արատավոր պրակտիկան Ընկերությունում:

Հարգելի՛ քաղաքացիներ,

Հայցում ենք «ՀԷՑ» ՓԲԸ-ի նոր բաժանորդ դառնալու՝ թե՛ հայտեր ներկայացրած և թե՛ միացման Պայմանագրեր կնքած բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց ներողամտությունն ու ըմբռնումը, ովքեր ստիպված են եղել ամիսներ (բազմաթիվ դեպքերում՝ նույնիսկ տարիներ) շարունակ սպասելու էլենկտրամատակարարման բաշխման ցանցին միանալու իրենց  հերթին:

Վստահեցնում ենք՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ Ընկերությունն այս պահին ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերն ու միջոցները՝ իրավիճակն ամենակարճ ժամկետներում շեշտակիորեն շտկելու և առկա խնդիրներին շուտափույթ և արդյունավետ լուծումներ առաջադրելու համար։

«ՀԷՑ» ՓԲԸ Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժին

163