Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Fox News-ին տված հարցազրույցում անդրադարձել է Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի նշանակությանը, ընդգծելով դրա կարևորությունը ոչ միայն երկկողմ, այլև տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում։

«Կարծում եմ, երեկվա համաձայնագիրն ու հռչակագիրը բավականին շոշափելի օգուտներ են պարունակում ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի համար։ Քանի որ, երբ դրանք կյանքի կոչվեն, օրինակ՝ Իրանը հնարավորություն կունենա Պարսից ծոցից երկաթուղով հասնել մինչև Սև ծով, իսկ Ռուսաստանն ու Իրանը հնարավորություն կունենան ունենալ երկաթուղային կապ երկու երկրների միջև»,- հայտարարել է վարչապետը։

Նա նշել է, որ համաձայնագրի իրականացումը տնտեսական ձեռքբերումներ կապահովի ոչ միայն անմիջական մասնակից երկրների համար. «Եթե մենք կենտրոնանանք այս համաձայնագրի տնտեսական կողմի վրա, ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, Միացյալ Նահանգները, այլև Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը կունենան շատ կարևոր և շոշափելի օգուտներ»։

Վարչապետը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նման երկաթուղային կապը տարածաշրջանի համար աննախադեպ կլինի։ «Իրականում նման կապն աննախադեպ կլինի, քանի որ Հարավային Կովկասից ներկայումս չկա երկաթուղային կապ, որը կմիացնի Իրանն ու Ռուսաստանը», — նշել է նա։

Փաշինյանը ընդգծել է նաև նոր համաձայնագրի նշանակությունը միջազգային կայունության և անվտանգության տեսանկյունից. «Կարծում եմ, սա շատ կարևոր համաձայնագիր է, որը կարող է զգալի օգուտներ բերել բոլոր երկրների համար, և, ի դեպ, ողջ միջազգային հանրության համար՝ միջազգային կայունության և անվտանգության համար նույնպես»։

Վարչապետը հիշեցրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին՝ հույս հայտնելով, որ այս համաձայնագիրը կդառնա համագործակցության և խաղաղության խաչմերուկ տարածաշրջանում։

Նա ընդգծել է Հայաստանի գործելաոճը՝ միտված տարաձայնությունների և լարվածության սրման բացառմանը. «Մենք չենք ցանկանում տարաձայնություններ հրահրել, չենք ցանկանում սադրել լարվածություն և այլն։

Մեր նպատակը կայունություն, խաղաղություն, կայուն զարգացում, տնտեսական և քաղաքական համագործակցություն ապահովելն է։ Եվ կարծում եմ, որ երեկվա հռչակագիրը դրա համար շատ կարևոր և հարմար հարթակ է»։

324