Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը:

Ողջունելով և շնորհավորելով շրջանավարտներին կյանքի կարևոր հանգրվանի՝ համալսարանական ուսումնառության ավարտի կապակցությամբ՝ նախագահ Խաչատուրյանը կարևորել է շարունակական կրթության և ինքնազարգացման նշանակությունը:

«Վստահ եմ, որ ձեզ համար հուզումնալից օր է։ Վստահ եմ, որ այսօրվան երկար եք սպասել։ Երազանքները միշտ պահեք ձեր մեջ, ծրագրեր միշտ ունեցեք, բայց երբևիցե չհուսահատվեք, եթե դրանք իրականություն չեն դառնում այնպես, ինչպես դուք հիմա եք պատկերացնում։ Դրանք կարող են իրականանալ այլ կերպ, եթե շարունակեք սովորել, կրթվել, գիտելիքներ ձեռք բերել։ Սա ընդամենը սկիզբն է այն մեծ ճանապարհի, որը ձեզ դեռ սպասում է»:

Նախագահը շրջանավարտներին հորդորել է չվախենալ փոփոխություններից և մարտահրավերներից: Նախագահի խոսքով՝ մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որն արդեն իսկ որակվում է որպես մարդկային մտածողության հերթական հեղափոխություն:

«Այսօրվա վտանգը կամ մեր անհանգստությունը, միգուցե, կայանում է նրանում, որ ամբողջապես չենք պատկերացնում, թե ինչ հնարավորություններ է տալիս արհեստական բանականությունը։ Բայց պետք չէ վախենալ դրանից։ Դուք այն սերունդն եք, որը հնարավորություն է ունենալու այն օտագործել ի բարօրություն մարդկության»։

Հանրապետության նախագահը հատկապես ընդգծել է ազատ խոսքի, տարբեր տեսակետների գոյության և առողջ երկխոսության կարևորությունը հասարակության զարգացման համար։

«Մեր Հանրապետության համար ձեր նման մարդիկ հարստություն են։ Դուք եք կերտելու մեր ապագան։ Ձեր հաջողություններից է կախված լինելու Հայաստանի Հանրապետության ապագան»։

Եզրափակելով ելույթը՝ նախագահը շնորհակալություն է հայտնել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին, շրջանավարտների ծնողներին ու հարազատներին՝ նրանց մինչ այս պահը ուղեկցելու, գիտելիք ու աջակցություն տրամադրելու համար, մաղթել է խաղաղություն, անսպառ եռանդ, անձնական, մասնագիտական ու ստեղծագործական ձեռքբերումներ։

Այնուհետև Հանրապետության նախագահը ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանի հետ դիպլոմներ է հանձնել բարձր առաջադիմությամբ աչքի ընկած շրջանավարտներին։

Միջոցառումից հետո, նախագահ Խաչատուրյանը շրջայց է կատարել համալսարանի վերանորոգված և արդիականացված լսարաններում, ծանոթացել ստեղծված նոր հնարավորություններին։

232