Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ասիական զարգացման բանկի հետ համատեղ իրականացվող հայ-վրացական սահմանային անցակետերի արդիականացման և համատեղ օգտագործման սահմանային անցակետերի ներդրման ծրագրի շրջանակում՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ Երևանում տեղի է ունեցել  եռակողմ աշխատաժողով։ 

Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, աշխատաժողովին մասնակցել են Հայաստանի և Վրաստանի մաքսային և սահմանապահ հսկողություն իրականացնող մարմինների, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացման ընթացքը, խնդիրները և սահմանվել հետագա անելիքները։ Կողմերն անդրադարձել են համատեղ օգտագործման սահմանային անցակետերի՝ միջազգային պրակտիկայում կիրառվող հիմնական մոդելներին՝ գնահատելով դրանց առավելություններն ու հնարավոր սահմանափակումները՝ ելնելով հայ-վրացական սահմանային անցակետերի աշխարհագրական դիրքից, ենթակառուցվածքային հնարավորություններից և գործող օրենսդրական կարգավորումներից։

Քննարկումների արդյունքում ընտրվել է հայ-վրացական սահմանին գտնվող այն անցակետը, որտեղ նախատեսվում է նախագծել համատեղ սահմանային անցակետի ներդրման պիլոտային ծրագիրը։

Միաժամանակ, ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել եռակողմ աշխատանքները՝ ներառյալ բիզնես գործընթացների վերլուծությունը, կողմերի համար առավել ընդունելի մոդելի ինժեներատեխնիկական նախագծումը, ինչպես նաև սահմանային հսկողության ընթացակարգերի ներդաշնակեցման համար անհրաժեշտ քայլերի մշակումն ու իրականացումը։

Հանդիպման ավարտին կողմերը բարձր են գնահատել ծրագրի շրջանակում մինչ այժմ իրականացված աշխատանքների արդյունավետությունը՝ վերահաստատելով համագործակցության պատրաստակամությունը և արձանագրել փոխգործակցության հետագա օրակարգն ու անհրաժեշտ անելիքները։

129