Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 28-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է քաղաքապետարանի ենթակայության տակ չգտնվող այգիների, մասնավորապես՝ Կոնսերվատորիայի դիմացի այգու ծառերի վատթար վիճակին, որի մասով այժմ դատական գործընթաց կա։ 

«Դատական պրոցեսների շատ-շատ երկար ձգձգումները բերում են նրան, որ այդ այգիները սկսում են չորանալ։ Պետք է խնդրեմ՝ անկախ նրանից՝ վարձակալվա՞ծ է, թե՞ չէ, գնացեք ջրե՛ք այգին, որովհետև հետո մենք ենք պատասխան տալու»,- ասաց Ավինյանը՝ հանձնարարելով ջրել այգին՝ անկախ այն հանգամանքից, որ այգին քաղաքապետարանի ենթակայության չէ։

«Ամեն կերպ պայքարում են, որ այգին մնա իրենց մոտ, որ չորացնե՞ն այգին։ Դա՞ է նպատակը։ Եթե դա է նպատակը, մի հատ էլ համապատասխան հետևանք պետք է իրենց համար ունենա չհետևելը, որովհետև սա քաղաքացուն ուղիղ հասցված վնաս է։ Վնասում են մեզ՝ երևանցիներիս, Երևան քաղաքին, և իրենք պետք է պատժվեն։ Իսկ դուք գնացեք ջրե՛ք»,- ասել է նա։

Քաղաքապետին նաև զեկուցվեց, որ ոչ միայն չի ջրվում այգին անցյալ տարվանից, այլև սանիտարական վիճակը ոչ  բարվոք է, իսկ չջրելու հետևանքով նույնիսկ սոսի է տապալվել:

Քաղաքապետը նաև դիմել է դատական ատյաններին՝ նշելով, որ երբ նման պրոցեսները շատ երկար են տևում, դրանք բերում են շատ վատ հետևանքների:

«Խնդրում եմ՝ հնարավորինս այս տեսակ գործերի, մանավանդ հանրային կարևորություն, հանրային շահ ներկայացնող գործերի վրա մի փոքր շատ  ուշադրություն սևեռել և շատ երկար պրոցեսներ չիրականացնել ու ինչ-որ ուղղությամբ որոշում կայացնել, որովհետև միայն այս գործը տարուց ավելի քննվում է։ Տարուց ավելի քննվում է․ այգին չորացավ»,- հավելել է Ավինյանը:

 

358