
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օրեր առաջ սոցիալական մեդիայում հրապարակվել է տեղեկություն այն մասին, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախկին աշխատակիցը հաղթել է դատարանում կառույցի կողմից իր իրավունքները խախտելու հարցով։ Իրավիճակը 1lurer.am-ին մեկնաբանել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։
- Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վճռով բավարարվել է տեղեկատվություն տրամադրելու պահանջի մասին քաղաքացու հայցն ընդդեմ Մարդու իրավունքների պաշտպանի։ Ինչպե՞ս կարող եք մեկնաբանել, ինչո՞ւ քաղաքացուն չի տրամադրվել պահանջվող տեղեկատվությունը:
- Ի սկզբանե նշենք, որ մասնագիտական տեսանկյունից գործ ունենք շատ արտասովոր իրավիճակի հետ։ Տեղեկատվության տրամադրումը մերժելու վերաբերյալ իրավական վեճ, որպես այդպիսին, ՄԻՊ աշխատակազմի և քաղաքացու միջև չի եղել և չէր էլ կարող լինել, քաղաքացուն տեղեկատվության տրամադրումը երբևէ աշխատակազմի կողմից չի մերժվել և չէր էլ կարող մերժվել։
Ընդհակառակը, քաղաքացին տեղեկացվել է, որ այդ պահին պահանջվող տեղեկատվությանն ամբողջությամբ կարող է ծանոթանալ տեղում՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, քանի որ տեղեկատվությունը, որն ի դեպ վերաբերում է ՄԻՊ աշխատակազմի 2015-2024թթ. պաշտոնի անձնագրերին, ահռելի ծավալի է և մինչև 2022թ. գործած պաշտոնի անձնագրերը մինչ այդ պահը թվայնացված չեն եղել և դրանց հիմնական մասը պահպանվել է ընդամենը մեկ օրինակով՝ յուրաքանչյուր անձնագրի վրա սոսնձված թերթիկով՝ կնքված և ստորագրված տարբերակով։
Ուստի այդ փուլում տեխնիկական խնդիրները հաղթահարելու նպատակով քաղաքացուն առաջարկվել է տեղում տեղեկատվությանը ծանոթանալու տարբերակը։ Նորից ենք կրկնում՝ տեղեկատվության տրամադրումը քաղաքացուն երբևէ չի մերժվել։ Ավելին, մինչև 2022թ.-ի պաշտոնների անձնագրերի էլեկտրոնային տարբերակների բացակայության և մեկ օրինակով պահպանվելու առնչությամբ խնդիրը բացահայտվելուց հետո աշխատանքներ են սկսվել ամբողջ ծավալի ինֆորմացիան թվայնացնելու և տեխնիկական խնդիրները հաղթահարելու ուղղությամբ, և այժմ ամբողջ տեղեկատվությունը հրապարակային է և հասանելի է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքէջում։ Նորից ենք կրկնում՝ այդ տեղեկատվությունը հասանելի է բոլորին, և դրան կարող է ծանոթանալ ցանկացած ոք, ցանկացած պահի։
- Քննարկվել է արդյո՞ք դատական ակտը բողոքարկելու հարցը, քանի որ այնպիսի տպավորություն է ձևավորվում, որ ՄԻՊ-ն է խախտում մարդու իրավունքները:
- Առաջին հայացքից կարևոր հարց եք բարձրացնում։ Միևնույն ժամանակ, պետք է նկատի ունենալ, որ զգայուն հարցի վերաբերյալ ենք խոսում։ Մասնավորապես, բազմաթիվ միջազգային չափանիշների համաձայն՝ Մարդու իրավունքների պաշտպանը և դատարանները միմյանց հետ փոխհարաբերություններում պետք է ոչ միայն հարգեն միմյանց անկախությունը, այլ նաև զերծ մնան այնպիսի գործողություններից, որոնք կարող են կասկածի տակ դնել յուրաքանչյուրի գործողությունների իրավաչափությունը։
Այս իրավիճակում թե՛ Մարդու իրավունքների պաշտպանը, թե՛ Պաշտպանի ներկայացուցիչերը զերծ են մնացել որևէ կերպ դատարանի գործողությունները գնահատելու կամ կասկածի տակ դնելու գործիքներից և շեշտադրել են տեղեկատվության տրամադրումը մերժելու առնչությամբ իրավական վեճի բացակայության հանգամանքը։ Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանն ինքն է մշտապես խոսում տեղեկատվության ազատության իրավունքի պատշաճ երաշխավորման մասին, կայքում աշխատակազմը խնդիրները հաղթահարելուց հետո հրապարակել է ամբողջական տեղեկատվությունը, և էթիկապես զերծ ենք մնացել որևէ կերպ զգայուն իրավիճակը սրելու գործիքներից։
- Հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերը, երբ մի կողմում քաղաքացին է, իսկ մյուս կողմում պետական մարմինը, սովորաբար քննվում են վարչական դատավարության կարգով, այսինքն՝ վարչական դատարանի կողմից։ Արդյո՞ք տարօրինակ չէ, որ այս դեպքում գործը վարույթ է ընդունվել ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից և հենց այդ դատարանն էլ վճիռ է կայացրել։
- Կարևոր հարց եք բարձրացնում։ Բայց արդեն իսկ նախորդ հարցին պատասխանելիս նշեցինք, թե ինչու որևէ կերպ չենք անդրադարձել դատարանի գործողություններին։ Այժմ էլ զերծ կմնանք հարցի առնչությամբ մեկնաբանություններից։ Բայց քանի որ հարցը հրապարակային է դարձել, կարծում ենք, որ որևէ թույլատրելի ձևաչափով այս հարցը կարող է դառնալ լուրջ քննարկման առարկա։
- Մեր հաջորդ հարցը վերաբերում է դատավարության կողմին. ինչո՞ւ դատարանը քննարկման առարկա չի դարձրել նաև այս հարցը։ Արդյոք պատասխանող կողմը եղե՞լ է պատշաճ, նկատի ունենք այն, որ ըստ դատական ակտի՝ պատասխանողը եղել է Մարդու իրավունքների պաշտպանը, այլ ոչ թե ՄԻՊ աշխատակազմը։
- Նշված հարցին անդրադառնալիս ևս կպահպանենք զսպվածություն և պարզապես կնշենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը սահմանադրական պաշտոնատար անձ է, ով չի տնօրինում հայցվող տեղեկատվությունը։ Որպես պետական մարմին հանդես է գալիս ՄԻՊ աշխատակազմը, որը պետական ռեգիստրում գրանցված իրավաբանական անձ է, և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի լույսի ներքո հանդիսանում է տեղեկություն տնօրինող։