Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 7-ին «ՀԷՑ» ՓԲԸ-ում մեկնարկել են Ժամանակավոր կառավարչի նշանակումից ի վեր առաջին գնահարցման (գնանշման) գործընթացները, որոնք նախորդել են «ՀԷՑ» կարիքների համար նախագծային ծառայությունների և ուժային մալուխի ձեռքբերման նպատակով նախատեսված գնումների գործընթացներին:

Այս մասին հաղորդագրություն է տարածել «ՀԷՑ» հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժինը:

«Թե՛ գնահարցման փուլը, և թե՛ բուն գնումների գործընթացներն առավել թափանցիկ, ներառական և մրցակցային պայմաններում իրականացնելու համար հայտարարվել էր այդ գործընթացներում ոլորտի տնտեսավարող շահագրգիռ սուբյեկտներին առավելագույն ներգրավվածություն ապահովելու հանարավորության մասին:

Գնահարցման գործընթացին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել ոլորտում տնտեսվարող շուրջ 70 ընկերություններ:

«Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Ընկերության պատասխանատու ստորաբաժանումները կապ կհաստատեն մասնակցության հայտ ներկայացրած բոլոր ընկերությունների հետ, կտրամադրեն գնման առարկաների տեխնիկական բնութագրերը, որից հետո չորս աշխատանքային օրերի ընթացքում վերջիններիցս կակնկալվի գնառաջարկների ներկայացում: Ներկայացված գնառաջարկները հիմք կհանդիսանան ձեռք բերվող ծառայությունների և ապրանքների նախահաշվային արժեքների ձևավորման համար:

Հայտնում ենք, որ «ՀԷՑ» ՓԲԸ կարիքների համար նախագծային աշխատանքների և ուժային մալուխների ձեռբերման նպատակով գնահարցման փուլի ամփոփումից հետո սահմանված կարգով կհայտարարվի 5 մրցութային գնման գործընթաց՝ տարբեր չափորոշիչներով»,- ասված է հաղորդագրության մեջ:

183