Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Factor TV-ի տեղեկություններով՝ ուրբաթ օրը կայանալիք Դոնալդ Թրամփ – Նիկոլ Փաշինյան – Իլհամ Ալիև հանդիպման ժամանակ ստորագրվելու է 3 փաստաթուղթ։ Բացառիկ մանրամասներ ենք ներկայացնում ստորագրվելիք փաստաթղթերի մասին։

Համաձայն մեր աղբյուրների՝ առաջին փաստաթուղթը ստորագրելու են արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը, որով Հայաստանը և Ադրբեջանը համաձայնություն են հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբից համատեղ դուրս գալու մասին։

Հիշեցնենք, ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել էր ղարաբաղյան կոնֆլիկտը լուծելու նպատակով՝ ԵԱՀԽ-ի անդամ երկրների համաժողովի որոշմամբ։ Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը համաձայնել էին մասնակցել Մինսկի գործընթացին՝ որպես կողմեր, և ոչ թե որպես նախաձեռնողներ։ Ուրբաթ օրը ստորագրվելիք փաստաթղթով երկու երկրները, ըստ էության, արձանագրում են այդ ձևաչափում իրենց մասնակցության ավարտը։ Երկրորդ փաստաթուղթը ստորագրելու են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը լինելու է «Թրամփի երթուղի՝ ուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» ծրագրի շուրջ, որը հակիրճ անվանվում է TRIPP հապավումով։

Փաստաթղթում չի կիրառվելու «միջանցք» բառը, փոխարենն օգտագործվելու է «ճանապարհ» տերմինը։ Երկրորդ փաստաթղթով Հայաստանը և ԱՄՆ-ն պայմանավորվում են ստեղծել «ՀՀ-ԱՄՆ համատեղ ձեռնարկություն»՝ իբրև իրավահավասար գործընկերներ։ Եթե նախկինում խոսք է եղել ԱՄՆ-ի կողմից Սյունիքի ճանապարհի հնարավոր վարձակալության մասին, ապա այդ տարբերակը դուրս է եկել քննարկումներից, և հայ-ամերիկյան փաստաթուղթը նախատեսում է ամբողջությամբ ուրիշ կարգավորումներ։ Պահպանվելու են Հայաստանի ինքնիշխանությունը և իրավազորությունը ճանապարհի նկատմամբ, ինչպես նաև անձեռնմխելի է մնալու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Հայաստանն ու ԱՄՆ-ն ստեղծում են համատեղ ձեռնարկություն, որը գրանցվելու է Հայաստանում և հիմնադրվելու է համաձայն Հայաստանի օրենսդրության, գործելու է հայկական օրենսդրության շրջանակներում։ Ըստ էության՝ ԱՄՆ-ն ֆինանսական ներդրումներ է կատարելու Հայաստանի ենթակառուցվածքների ստեղծման հարցում։ Հայաստանը և ԱՄՆ-ն համատեղ կառավարելու են այդ կոնսորցիումը։ ԱՄՆ-ն՝ որպես հայ-ամերիկյան կոնսորցիումի մասնակից կողմ՝ իրավունք կունենա կոմունիկացիոն ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները պատվիրակել շինարարական կազմակերպությունների։ Այդ աշխատանքներին կկարողանան մասնակցել ինչպես ամերիկյան, այնպես էլ հայաստանյան ընկերություններ։

Factor TV-ի տեղեկություններով՝ խոսքը երկաթուղային, ավտոմոբիլային ենթակառուցվածքների ստեղծման մասին է։ Ֆինանսական ներդրումները կատարելու է ԱՄՆ-ն։ Այսինքն, ԱՄՆ-ն հանդես է գալիս է որպես պրոցեսի մասնակից և ոչ՝ միանձնյա սեփականատեր, և ֆինանսական մեծ ներդրումներ է կատարելու կոմունիկացիոն ենթակառուցվածքների ստեղծման նպատակով։ Ենթակառուցվածքները ոչ թե միանձնյա ստեղծելու և կառարավելու է ԱՄՆ-ն՝ ինչպես ենթադրվում էր նախկինում, այլ ԱՄՆ-ի և Հայաստանի ստեղծած կոնսորցիումը ձեռնարկվելիք շինաշխատանքները պատվիրակելու է շինարարական կազմակերպությունների (հայկական և ամերիկյան)։ Աշխատանքները ևս իրականացվելու են համաձայն Հայաստանի օրենսդրության։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում
 

634