
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Երկար ժամանակ՝ 35 տարի նրանք կռվեցին։ Եվ հիմա նրանք ընկերներ են և ընկերներ են մնալու երկար ժամանակ». այս խոսքերով օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ հայտարարության մեկնարկում իր ելույթը սկսեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մեծ պատիվ է ողջունել բոլորին Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի միջև այս պատմական խաղաղության գագաթնաժողովին։ Սա իսկապես մեծ ոգևորություն է ինձ պատճառում։ Դուք երկուսդ մեծ առաջնորդներ եք։ Ցանկանում եմ շնորհավորել տեսլական ունեցող այս երկու մարդկանց՝ վարչապետ Փաշինյանին և նախագահ Ալիևին, ովքեր եկել են Վաշինգտոն՝ ստորագրելու այս համատեղ հռչակագիրը։ Սա չափազանց կարևոր փաստաթուղթ է և երկար ժամանակ պահանջվեց սրան հասնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է ԱՄՆ նախագահը։
Թրամփն ընդգծել է, որ շատ անգամներ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները փորձել են հասնել համաձայնության, սակայն մինչ այս պահը դա նրանց չէր հաջողվել։ ԱՄՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, իր հատուկ հանձնակատար Սթիվ Ուիթքոֆին, ինչպես նաև շնորհավորել պետքարտուղարության թիմին։
«Ավելի քան 35 տարի Հայաստանն ու Ադրբեջանը կռվել են ցավալի հակամարտության շրջանակում, որը մեծ տառապանքներ է պատճառել երկու ժողովուրդներին։ Շատերն են փորձել գտնել խնդրի լուծումը, այդ թվում և Եվրամիությունը, Ռուսաստանը, որը շատ է աշխատել այս ուղղությամբ, սակայն դա այդպես էլ նրանց չի հաջողվել»,- նշել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ այս արձանագրությամբ վերջապես հաջողվել է հասնել խաղաղության հաստատմանը։
«Մենք քիչ առաջ դուրս եկանք Օվալաձև սենյակից, որտեղ ստորագրեցինք մեծածավալ փաստաթղթեր և համաձայնության շատ կարևոր տարրեր։ Հայաստանն ու Ադրբեջանը հանձնառու են ընդմիշտ դադարեցնելու բոլոր տեսակի կռիվները, բացելու առևտրային և ճամփորդական ուղիները, սկսել դիվանագիտական հարաբերություններ, հարգել միմյանց սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչը շատ կարևոր է»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Նա նշել է, որ բավական ժամանակ է անցկացրել Փաշինյանի և Ալիևի հետ ու կարծում է, որ նրանք լավ հարաբերություններ կունենան։ ԱՄՆ նախագահը կատակել է, որ եթե նրանց միջև հարաբերությունները դրական չլինեն, կարող են զանգահարել իրեն, ու նա կհարթի ամեն բան։
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրենք կարգավորել են առանցքային հարցը և որոշում են ընդունել «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղու» (TRIPP) վերաբերյալ։ «Սա հատուկ տրանզիտային տարածք է լինելու, որը թույլ է տալու Ադրբեջանին լիակատար հասանելիություն ունենալ Նախիջևանի իր տարածքին՝ ամբողջությամբ հարգելով Հայաստանի սուվերենությունը»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ նշելով, որ մեծ պատիվ է իր համար, որ երթուղին կրում է հենց իր անունը։
«Նրանք կարողանալու են իսկապես ապրել ու աշխատել միասին, ինչը հիանալի է»,- ասել է Թրամփը։ Նա հավելել է, որ Հայաստանը նաև հաստատում է բացառիկ համագործակցություն Միացյալ Նահանգների հետ՝ զարգացնելու այդ ուղին, որը կարող է երկարաձգվել մինչև 99 տարի։ «Եվ նրանք խոստանում են, որ 99 տարի հետո նրանք կերկարաձգեն ժամկետը, այնպես չէ՞»,- ասել է Թրամփը՝ դիմելով հայկական պատվիրակությանը։
ԱՄՆ նախագահը հայտարարել է՝ ակնկալվում է, որ ամերիկյան կազմակերպությունը մեծածավալ ենթակառուցվածքներ կզարգացնի այստեղ և մեծ գումար կծախսվի։ «Դրանից տնտեսապես կշահեն մեր երեք երկրներն էլ։ Սա չափազանց դրական լուր է ամբողջ տարածաշրջանի համար»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը տեղեկացրել է, որ իրենք երկկողմ համաձայնագրեր են ստորագրելու Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ ընդլայնելու համագործակցությունն էներգետիկայի, առևտրի և տեխնոլոգիաների, այդ թվում և արհեստական բանականության ոլորտներում։
Թրամփը հայտարարել է նաև, որ որոշում է կայացվել վերացնել Ադրբեջանի հետ պաշտպանական ոլորտում ԱՄՆ համագործակցության սահմանափակումները։
Նա նշել է, որ իր մեծագույն ցանկությունն է խաղաղություն և կայունություն հաստատել աշխարհում։