Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը մասնակցել են Հայաստան-Իրան գործարար համաժողովի բացմանը: Համաժողովի հիմնական նպատակներն են՝ խթանել Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական կապերի խորացումը և դիվերսիֆիկացումը, ստեղծել և զարգացնել փոխշահավետ համագործակցության և համատեղ նախագծերի իրականացման նոր հնարավորություններ, խթանել ներդրումային հոսքերը և տեխնոլոգիական փորձի փոխանակումը, ապահովել մասնակիցների միջև ուղղակի շփումներ և գործընկերային կապերի հաստատում։

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«ԻԻՀ մեծարգո՛ նախագահ Փեզեշքիան,
Հարգելի՛ գործընկեր,
Հարգելի՛ ներկաներ,

Սիրով ողջունում եմ բոլորիդ Երևանում՝ Հայաստան-Իրան գործարար համաժողովին մասնակցության առիթով: Ուզում եմ ընդգծել, որ երկու բարեկամ պետությունների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման գործում տնտեսական հարաբերությունները և դրանց զարգացումը կարևոր նշանակություն ունեն:

Այս համատեքստում ուրախ եմ արձանագրել, որ մեր երկրների կառավարությունների միջև առկա սերտ քաղաքական հարաբերությունները ստեղծում են անհրաժեշտ միջավայր՝ Հայաստանի և Իրանի գործարարների միջև համագործակցությունը խթանելու համար: Այսօր նախագահ Փեզեշքիանի և իմ կողմից ստորագրված հայտարարությամբ վերահաստատել ենք մեր նպատակադրումը՝ երկկողմ առևտրաշրջանառության ծավալը հասցնելու 1 մլրդ և ապա՝ 3 մլրդ ԱՄՆ դոլարի: Իհարկե, եթե հաջողվեր միանգամից 3 դարձնել, այդպես կանեինք, բայց անխուսափելիորեն պետք է սկզբից 1 մլրդ դարձնենք, հետո նոր՝ 3: Եվ այս թիրախներին հասնելու համար կարևորագույն դերը վերապահված է հենց գործարար համայնքի ներկայացուցիչներին:

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին կայուն աճ է արձանագրում: Նախորդ տարի այն կազմել է 748 միլիոն դոլար՝ աճելով գրեթե 6 տոկոսով, իսկ 2025 թվականի առաջին կիսամյակում այդ ցուցանիշը հասել է 346 միլիոնի, ինչը նույնպես վկայում է կայուն առաջընթացի մասին։

Մենք տեսնում ենք ներմուծման ոլորտում տարեցտարի բարձրացող մի նշաձող. միայն այս տարվա առաջին վեց ամսում ներմուծումն Իրանից աճել է ավելի քան 10 տոկոսով՝ հասնելով 300 միլիոն դոլարի: Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա այն, չնայած որոշակի նվազմանը, շարունակում է ներառել այնպիսի ապրանքներ, ինչպիսին են էլեկտրաէներգիան, պղնձի խտանյութը, գյուղմթերքը։ Սա հենց այն հիմքն է, որի վրա մենք պետք է կառուցենք ոչ միայն առևտուր, այլև համատեղ արտադրություն, և փոխշահավետ ավելացված արժեք ստեղծենք:

Այս համատեքստում կարևոր եմ համարում միջսահմանային ենթակառուցվածքների զարգացումը՝ էներգետիկ, տրանսպորտային, լոգիստիկ ոլորտներում։ Սա ամբողջությամբ համահունչ է մեր Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որի կյանքի կոչմանը, գոհունակությամբ պիտի արձանագրեմ, որ ներգրավված են նաև իրանական ընկերությունները, մասնավորապես՝ իրանական ընկերությունն է իրականացնում Ագարակ-Քաջարան 32 կմ ճանապարհահատվածի շինարարությունը:

«Խաղաղության խաչմերուկը» միտված է հավելյալ փոխկապակցվածություններ ստեղծել Հյուսիսի և Հարավի, Արևելքի և Արևմուտքի միջև: Հաշվի առնելով Հայաստանի ռազմավարական դիրքը և արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացիան՝ Հայաստանը կարող է իրանցիների համար դարպաս հանդիսանալ ինչպես դեպի ԵԱՏՄ, այնպես էլ դեպի Եվրամիության անդամ երկրներ:

Հարգելի՛ ներկաներ,

Եզրափակելով խոսքս՝ ուզում եմ համոզմունք հայտնել, որ այսօրվա համաժողովը արգասաբեր կլինի գործարար կապերի ամրապնդման և նոր համագործակցությունների հաստատման համար: Հաջողություն եմ մաղթում գործարար համաժողովի բոլոր մասնակիցներին»:

Մասուդ Փեզեշքիանն իր խոսքում նշել է, որ այսօրվա քննարկումների հիմնական նպատակներից էր նպաստել երկու երկրների միջև առևտրաշրջանառության ընդլայնմանը և առկա խնդիրների ու խոչընդոտների վերացմանը, որոնք կհանդիպեն ներդրողների, արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալողների ճանապարհին: ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ կարևոր համաձայնություններ են ձեռք բերվել բոլոր այն ոլորտների առումով, որոնց անդրադարձել են քննարկումների ընթացքում՝ ներդրողների և առևտրի ոլորտի ներկայացուցիչների համար համագործակցության հարթակ ստեղծելու նպատակով:

Ըստ Մասուդ Փեզեշքիանի՝ երկկողմ առևտրաշրջանառության ծավալը 3 մլրդ դոլարի հասցնելը բավականին հասանելի է և այդ համատեքստում ընդգծել է երկու երկրների կառավարությունների ջանքերը՝ այդ գործընթացն ավելի հարթ իրականացնելու ճանապարհին: «Մնացածն արդեն կախված է ձեզանից, արտադրողներից, ներդրումներ կատարողներից և արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներից, եթե դուք ավելի մեծ նպատակներ սահմանեք, ապա ավելի մեծ աշխատանքներ կիրականացնեք»,-ասել է ԻԻՀ նախագահը:

Մասուդ Փեզեշքիանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ՀՀ Կառավարությունից, Նիկոլ Փաշինյանից՝ փոխըմբռնման մթնոլորտում հարցերը քննարկելու համար և ընդգծել, որ այն կնպաստի տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանը:

155