Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունը հավանություն է տվել «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» ՀԿ-ի ներկայացրած՝ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ ՀՀ սեփականություն հանդիսացող «Ջրվեժ» անտառպարկի 23.3 հա հողամասում կառուցապատման նպատակով ներկայացված ներդրումային ծրագրին:

Ըստ այդմ՝ ընդունվել է կազմակերպությանը կառուցապատման իրավունքով տարածք տրամադրելու վերաբերյալ որոշում, որը պայմանավորված է Համահայկական խաղերի մարզական ավանի կառուցմամբ: Այն Համահայկական խաղերի անցկացման ժամանակ (Ձմեռային և Ամառային խաղեր) ծառայելու է որպես մարզիկների կեցության վայր: Կազմակերպությունն առաջին փուլում տեղադրելու է էկո տնակներ, ճաշարան և բժշկական սպասարկման կենտրոն։ Վերոնշյալ կառույցները չեն ենթադրում հիմնական շինություններ։

Հաջորդ փուլերում նախատեսվում են սպորտային տարբեր հարթակների և մարզասրահների կառուցում։

Յուրաքանչյուր տնակի համար անհրաժեշտ կլինի հարթեցնել 110-120 քմ հողատարածք։ Տնակների հավաքումը նախատեսվում է ոչ անտառածածկ տարածքներում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմելու է մոտ 20 մլրդ 900 մլն դրամ։

Ներդրումային ծրագրով նախատեսված միջոցառումների արդյունքում ակնկալվում է, որ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախատեսված ծրագրային 3 փուլերի ավարտից հետո, ավանի ամբողջական ծանրաբեռնվածության դեպքում, կստեղծվի շուրջ 1240 նոր աշխատատեղ, ինչպես նաև կտնկվի շուրջ 20,000 ծառ։

146