
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եգիպտոսում՝ Ալեքսանդրիայի մոտ, Միջերկրական ծովի ափին, հինգշաբթի ջրից հանդիսավոր կերպով դուրս են բերվել չորս մասամբ պահպանված արձաններ, որոնք ժամանակին զարդարել են խորտակված հնագույն Կանոպուս քաղաքը, հայտնում են միջազգային ԶԼՄ-ները:
Ջրի տակ, ինչպես բացատրում են եգիպտացի հնագետները, մնացել են տաճարների, բնակելի շենքերի, խանութների և արհեստանոցների ավերակներ, փորագրված քարե լողավազաններ՝ ջուր հավաքելու և ձկներ բուծելու համար, փարավոնների և սֆինքսների արձաններ, ավելի ուշ դարաշրջանների գործիչների քանդակներ:
Չորեքշաբթի էլ Ալեքսանդրիայի ազգային թանգարանում բացվել է Կանոպուսում, Հերակլիոնում, Ալեքսանդրիայի կենտրոնի մոտ գտնվող ստորջրյա թագավորական թաղամասում և այլ վայրերում հայտնաբերված 84 արտեֆակտների ցուցահանդես:
Գիտնականները ենթադրում են, որ Կանոպոսը և Հերակլիոնը ծաղկում են ապրել մոտ 800 տարի՝ Եգիպտոսում Ալեքսանդր Մակեդոնացու ընկեր Պտղոմեոսի գահակալությունից մինչև Արևմտյան Հռոմեական կայսրության անկումը։
Այնուհետև, դարերի ընթացքում, երկրաշարժերի և այլ բնական աղետների հետևանքով քաղաքները հայտնվել են Միջերկրական ծովի ջրերի տակ:
Ներկայիս Ալեքսանդրիան, ինչպես նշում Է AFP գործակալությունը, տեսականորեն կարող է արդեն մի քանի տասնամյակ անց կիսել այդ քաղաքների ճակատագիրը:
Քաղաքը սուզվում է տարեկան ավելի քան 3 միլիմետր և, ՄԱԿ-ի գնահատմամբ, կլիմայի փոփոխության և ծովի մակարդակի բարձրացման հետ մեկտեղ, արդեն 2050 թվականին դա կարող է հանգեցնել նրան, որ գրեթե վեց միլիոնանոց քաղաքի մեկ երրորդը հայտնվի ջրի տակ կամ առնվազն պիտանի չլինի կյանքի համար: