
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 16-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) մեկնարկեց «Լազերային ֆիզիկա 2025» (LP-2025) միջազգային գիտաժողովը, որը համախմբել է գիտնականների, երիտասարդ հետազոտողների տարբեր երկրներից։ Այս մասին տեղեկանում ենք ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժնից։
Գիտաժողովի նպատակն է քննարկել լազերային ֆիզիկայի բոլոր ոլորտներում վերջին նվաճումները, ներկայացնել նոր գաղափարներ և իրականացնել փորձի փոխանակում։
Գիտաժողովը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Քվանտային գիտության և տեխնոլոգիայի միջազգային տարվա (IYQ 2025) շրջանակում՝ ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, ՀՀ ԳԱԱ-ի, «IPR Armenia» Optica-ի ուսանողական մասնաճյուղի աջակցությամբ։
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Պավել Մուժիկյանը։
«Մենք ուրախ ենք հյուրընկալել աշխարհի տարբեր երկրներից ժամանած գիտնականների, հետազոտողների և փորձագետների։ Այս տարի մեր հանդիպումը ձեռք է բերում հատուկ նշանակություն։ Այն անցկացվում է Քվանտային գիտության և տեխնոլոգիայի միջազգային տարվա (IYQ 2025) շրջանակում, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է քվանտային մեխանիկայի զարգացման 100-ամյակի կապակցությամբ։ Մեկ դար առաջ Վերներ Հայզենբերգն իր «Umdeutung» հոդվածում դրեց քվանտային մեխանիկայի հիմքերը։ Այս նորարարական աշխատանքը ոչ միայն հեղափոխեց տիեզերքի մեր ընկալումը, այլև խորապես վերափոխեց ժամանակակից գիտությունն ու առօրյա կյանքը։ Եվ այս գիտաժողովը կդառնա հարթակ՝ ներկայացնելու նոր արդյունքներ և ստեղծելու նոր գիտական կապեր»,- ասաց Պավել Մուժիկյանը:
ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Արամ Պապոյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում գիտության և տեխնոլոգիայի այս ոլորտին։ «Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհուրդը, որը նախագահում է ՀՀ վարչապետը, քվանտային տեխնոլոգիաները ներառել է այն հինգ ոլորտների շարքում, որոնցում Հայաստանը, ինչպես ակնկալվում է, առաջընթաց կգրանցի առաջիկա տարիներին։ Մենք կունենանք ավելի շատ հնարավորություններ ինտենսիվ համագործակցության և ավելի շատ արդյունքների համար, և Հայաստանը կդառնա ավելի գրավիչ մեր միջազգային գործընկերների համար»,- ասաց Արամ Պապոյանը։
Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 19-ը՝ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում (Աշտարակ-2, 0204)։ Գիտաժողովի ընթացքում կներկայացվեն զեկուցումներ, որոնք վերաբերում են նոր լազերային տեխնոլոգիաներին և դրանց կիրառություններին, օպտիկական և սցինտիլյացիոն նյութերին, դրանց ուսումնասիրության մեթոդներին, լույս-նյութ փոխազդեցությանը, լազերային մակերևութային էֆեկտներին, ոչ գծային օպտիկային և նոր երևույթներին, լազերային սպեկտրոսկոպիային և մաթեմատիկական մոդելավորմանը, ֆիզիկական օպտիկային և ատոմային ֆիզիկային, օպտիկական մագնիսաչափությանը, օպտիկական սենսորներին և նյութի ալիքներին, օպտոէլեկտրոնիկային, ֆոտոնիկային և կենսաֆոտոնիկային, հոլոգրաֆիային և վիզուալիզացիային, քվանտային ֆիզիկային և դրա կիրառություններին, նաև քվանտային օպտիկային և քվանտային տեղեկատվությանը։