Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը վաղը Մոսկվայի «Կռիլյա սովետով» արենայում կանցկացնի պրոֆեսիոնալ բռնցքամարտի իր առաջին մենամարտը: Հայ մարզիկի մրցակիցը փոխվել է: Նախապես պլանավորված էր, որ Տոնականյանը պետք է մենամարտի Թայլանդը ներկայացնող Կռայ Սեթապոնի հետ, սակայն կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով Սեթափոնը հայտնել էր , որ չի կարողանա հասնել Մոսկվա և «Գրանդ բոքսինգի» ներկայացուցիչները Տոնականյանի համար գտել են այլ մրցակից:
Իր առաջին պրոֆեսիոնալ մենամարտում Տոնականյանը կմրցի բելառուս Անդրեյ Իսաևի հետ, ով ժամանակին եղել է WBF և IBF վարկածներով ինտերկոնտինենտալ գոտու չեմպիոն, նաև WBO վարկածով Ասիայի չեմպիոն: Տոնականյանի և Իսաևի մենամարտը կմեկնարկի Երևանի ժամանակով ուղիղ 21-ին: Նախքան Մոսկվա մեկնելը Տոնականյանը Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ ուսումնամարզական հավաք է անցկացրել Վլադիկավկազում, որտեղ մարզվել է պրոֆեսիոնալ ռինգում հայտնի մարզիչ Վիտալի Սլանովի ղեկավարությամբ, ով նաև WBA և IBF վարկածներով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Մուրադ Գասիևի մարզիչն է: