ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանել է ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N2073-Լ որոշմամբ հաստատված՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի  սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառումը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, աջակցության միջոցառումից օգտվելու են այն զինծառայողները, որոնց  ստացած խեղումը կամ վնասվածքը կարող է հանգեցնել անձի կենսագործունեության սահմանափակման և սոցիալական պաշտպանության անհրաժեշտության, ինչի հետևանքով կարող են ճանաչվել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառա­­յող­ների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով շահառու՝ «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամ»-ի խորհրդի 2017 թվականի մարտի 2-ի N9 որոշման 9-րդ կետով սահմանված վնասվածքներից որևէ մեկի հետևանքով.

1) ստամոքսի լրիվ հեռացում,

2) մեկ թոքի հեռացում,

3) անդամահատված ծայրատներ,

ա. զույգ սրունքների ամպուտացիոն ծայրատ,

բ. սրունքի ամպուտացիոն ծայրատ՝ համակցված դաստակի կամ նախա­բազկի ամպուտացիոն ծայրատի հետ,

գ. ազդրի կարճ (8 սմ) ծայրատ կամ էկզարտիկուլյացիա,

դ. պրոթեզավորման ոչ ենթակա ազդրի ամպուտացիոն ծայրատ,

ե. զույգ ազդրերի ամպուտացիոն ծայրատ՝ վերին մեկ երրորդի սահմանում,

զ. վերին վերջույթի և ազդրի ամպուտացիոն ծայրատներ,

է. ստորին վերջույթի ամպուտացիոն ծայրատ՝ համակցված մեկ աչքի կուրու­թյան հետ,

ը. զույգ դաստակների մատների բացակայություն,

թ. զույգ վերին վերջույթների ամպուտացիոն ծայրատներ,

ժ. վերին վերջույթի ամպուտացիոն ծայրատ՝ զուգակցված մեկ աչքի կուրու­թյան հետ,

4) կոկորդի հեռացում,

5) միզապարկի հեռացում,

6) հաստ և ուղիղ աղու հեռացում՝ հակաբնական հետանցքի տեղադրումով,

7) երկու աչքերի անվերադարձ կուրություն,

8) երկու ակնագնդերի բացակայություն,

9) խլության առաջացում, խոսքի բացակայությամբ,

10) համակցված ողնաշար-ողնուղեղային վնասվածք տրավմա՝ ողնուղեղի սալ­ջարդով և ողնուղեղի ամբողջականության խախտումով (արտահայտված պարեզ­ներ 2 կամ ավելի ծայրանդամների, պարապլեգիա, հեմիպլեգիա, տրիպլեգիա, տետրապլեգիա),

11) ծանր գանգուղեղային վնասվածքներ՝ ուղեկցվող հոգեկան կամ նյարդա­բա­նական արտահայտված համախտանիշներով՝ հոգեկան կամ շարժողական:

«Նման վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների տվյալների հավաքագրումն իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից՝ ՀՀ առողջապահության նախարարության միջոցով, վիրավոր զինծառայողների բժշկական օգնությանը և սպասարկմանը ներգրավված բժշկական կազմակերպություն­ներից:

Աջակցության միջոցառման հնարավոր շահառուները ՀՀ պաշտպանության նախարարության ստորաբաժանումներ այցլելու լրացուցիչ կարիք չունեն:

Չնայած դրան, այն անձինք ովքեր 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ստացել են վերը նշված վիրավորումներից որևէ մեկը՝ կարող են տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամար և էպիկրիզի կամ էպիկրիզների պատճեններ) ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

186