Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՄԱԶԾ-Հայաստանը ներկայացնում է բնակելի շենքերի էներգաարդյունավետության ֆինանսավորման և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների վերաբերյալ հիմնական եզրակացությունները՝ բնակելի և հանրային շենքերի էներգաարդյունավետության բարելավման նախագծեր մշակելու համար:
Երևան, Հայաստան – հոկտեմբեր, 2025թ. – ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) Հայաստանում ներկայացրեց Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակներում իրականացված երկու կարևորագույն ուսումնասիրությունների արդյունքները: Ուսումնասիրությունը կատարել է «Սիվիտտա ԷՅԷՄ» ընկերությունը:
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության կառավարության, ֆինանսական հաստատությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և միջազգային գործընկերների ներկայացուցիչներ՝ քննարկելու «Բնակելի շենքերի էներգաարդյունավետության ֆինանսավորում» և «Տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունները հանրային շենքերի էներգաարդյունավետության բարելավման ծրագրերի մշակման գործում» ուսումնասիրությունների արդյունքները։
Ուսումնասիրությունները հետապնդել են հետևյալ հիմնական նպատակները. գնահատել հայաստանյան բանկերի և համապատասխան ֆինանսական հաստատությունների կարողությունները առանձնատների և բազմաբնակարան շենքերի (ԲԲՇ) էներգաարդյունավետ (ԷԱ) արդիականացումների համար համապատասխան արտադրանքի մշակման և շուկայում ներկայացման գործում, ինչպես նաև գնահատել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) կարողությունները` հանրային շենքերի էներգաարդյունավետ արդիականացման նախագծերի մշակման և կարողությունների զարգացման կարիքների բացահայտման նպատակով։
Բացման խոսքով հանդես եկան ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ պարոն Կոնստանտին Սոկուլսկին և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ պարոն Աշոտ Գիլոյանը: Երկուսն էլ ընդգծեցին էներգաարդյունավետության կարևոր դերը Հայաստանի կայուն զարգացման և տեղական դիմակայունության գործում։
«Էներգաարդյունավետությունը ոչ միայն արտանետումների կրճատման, այլև կյանքի որակի բարելավման և համայնքային մակարդակում դիմակայունության ձևավորման մասին է», - նշեց ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին: «Ապացույցների վրա հիմնված վերլուծության և ներպետական մակարդակում կուռ գործընկերությունների միջոցով Հայաստանը կարող է շարունակել կայուն էներգետիկ անցման օրինակ ծառայել», - հավելեց Կոնստանտին Սոկուլսկին:
Ուսումնասիրությունները անցկացվել են 2025 թվականի գարուն-ամառ ժամանակահատվածում և ներառել են համակցված ֆոկուս խմբեր, կառուցվածքային և կիսակառուցվածքային հարցազրույցներ, ինչպես նաև առցանց հարցումներ: Տվյալները հավաքագրվել են Հայաստանի վարկային պորտֆելի ավելի քան 70 տոկոսը կազմող 14 ֆինանսական հաստատությունների ավելի քան 30 ներկայացուցիչներից և երկրի տարբեր տարածքները ներկայացնող 20 ՏԻՄ-երից:
Ֆինանսական հաստատություններ. Գնահատումը բացահայտեց կանաչ և էներգաարդյունավետ արտադրանքի մշակման նկատմամբ հայաստանյան բանկերի և ֆինանսական հաստատությունների շրջանում աճող հետաքրքրությունը: Այնուամենայնիվ, բնակարանների, մասնավորապես՝ ԲԲՇ-ների մեծածավալ արդիականացման ֆինանսավորման մասշտաբային ընդլայնումը բախվում է մի շարք խոչընդոտների, այդ թվում՝ անհատականացված արտադրանքի սահմանափակ քանակության խնդրին, կարգավորող և ինստիտուցիոնալ մարտահրավերների և հանրային իրազեկվածության ցածր մակարդակի:
ՏԻՄ-ներ. Տեղական իշխանությունները հայտնել են իրենց հանձնառությունը՝ ինտեգրելու ԷԱ միջոցառումները համայնքի բարեկեցության բարելավմանը և էներգիայի ծախսերը կրճատելուն ուղղված գործողություններին: Այնուամենայնիվ, վերլուծությունն ի հայտ է բերել տեխնիկական փորձագիտության, ֆինանսական պլանավորման և էներգետիկայի ռազմավարական կառավարման ոլորտում առկա բացթողումները, որոնք և սահմանափակում են ՏԻՄ-երի ԷԱ ծրագրերի մշակման և իրականացման կարողությունը:
Արդյունքների ներկայացումից հետո փորձագետներն ու շահագրգիռ կողմերը աշխույժ քննարկում ծավալեցին բացահայտված մարտահրավերները հաղթահարելու գործնական լուծումների վերաբերյալ: Երկխոսությունը կենտրոնացած էր տեղական կարողությունների ամրապնդման, ֆինանսական գործիքների` շուկայի կարիքներին համապատասխանեցման և Հայաստանում շենքերի ԷԱ արդիականացումը արագացնելու համար առկա ռեսուրսների մոբիլիզացման խնդրի վրա:
Այս նախաձեռնությունը ևս մեկ կարևոր քայլ է ՄԱԶԾ-ի շարունակական ջանքերում՝ խթանելու կանաչ, ներառական և կայուն զարգացումը, լիազորելով համայնքներին և ֆինանսական հաստատություններին՝ առաջ մղելու Հայաստանի ցածր արտանետումներով ապագան։




