
«Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը», «Մենք ենք, մեր սարերը», «Հայրիկ» և շատ ու շատ ֆիլմեր մեզ հարազատ դարձան սիրված արտիաստի շնորհիվ: Մհեր Մկրտչյանը՝ բոլորիս հարազատ Ֆրունզը, ապրեց դժվար ու զարմանալի կյանք: Նրա կենդանի, անմիջական ու տաղանդավոր դերերը անտարբեր չեն թողնում ոչ ոքի: Ֆրունզի մասին խոսելիս հնարավոր չէ չուրախանալ, չտխրել, չհուզվել: Այսօր մեծ արտիստի հիշատակի օրն է:
Մհերը ծնվել է 1930 թվականին Գյումրիում: Հայրը՝ Մուշեղը, Մուշից էր, իսկ մայրը՝ Սանամը, Վանից:
Մհերը շատ դժվարին և տխուր մանկություն է ունեցել: Նա չհասցրեց մանկություն ունենալ, խաղալիք ունենալ և պարզապես երեխա լինել: Տարիներ անց Մհերը հիշում է, որ իր մանկության երազանքը հեծանիվ ունենալն էր, որն այդպես էլ չունեցավ:
Դեռևս փոքր հասակում սկսում է աշխատել Լենինականի տեքստիլ կոմբինատում: Պատերազմի տարիներին Մհերը կինոմեխանիկի աշակերտ էր, և նա օր ու գիշեր փակվում էր կոմբինատի կինոխցիկում: Հենց նրա կինոմեխանիկն էլ մի օր նրա ձեռքը բռնեց և տարավ ինքնագործ խմբի բեմ,որտեղ նա առաջին անգամ ծիծաղեցրեց հանդիսատեսին: Այդտեղից սկսվեց նրա թատերական կյանքը:
1959-ին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրեց նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ Մհերը ստեղծեց հյութեղ մի կերպար, որը մինչև այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում։
ԴԲարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինո արվեստի ինքնատիպ անունների շարքում։ Այդ ամենը հիանալի դրսևորվեցին Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Զամբախով («Խաթաբալա») դերերում։
1978 թվականին Մկրտչյանն արժանացավ ԽՍՀՄ, իսկ 1979 թվականին ՀԽՍՀ Պետական մրցանակների: 2001թվականին հետմահու պարգևատրվեց ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
Վախճանվել է 1993թ. դեկտեմբերի 29-ին Երևանում: