Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը վստահ է, որ Հայաստանի տարածքում TRIPP նախագծի իրագործումը ոչ թե վտանգներ կամ խնդիրներ կստեղծի, այլ նոր հնարավորություններ կբացի Թուրքիայի, Իրանի, Վրաստանի, ինչպես նաև Ռուսաստանի համար։ Այս մասին Խաչատուրյանը հայտարարել է Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում լրագրողների հետ զրույցում։
Հարցին, թե կարելի՞ է արդյոք արձանագրել, որ Թբիլիսիում փարատվել են այն մտահոգությունները, թե Հայաստանի տարածքում TRIPP նախագծի իրագործումը կարող է ինչ-որ առումով նվազեցնել Վրաստանի տարանցիկ դերը տարածաշրջանում, ՀՀ նախագահն ասել է.
«Կարող եմ ասել, որ վտանգ չի լինի նրանց համար, նրանք որևիցե կորուստ չեն ունենա։ Ընդհակառակը՝ Վրաստանի նշանակությունն ավելի է մեծանալու։ Եթե ստացվի այն ամենը, ինչի մասին խոսում ենք, այսինքն՝ իսկապես սահմանները բացվեն, TRIPP-ը իրականություն դառնա և սկսի աշխատել, նոր հնարավորություններ են բացվելու Հայաստանի, Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի Վրաստանի, ինչու չէ՝ նաև Ռուսաստանի համար։ Դրանից հետո մենք բոլորս ինքներս մեզ քննադատելու ենք, թե ինչու նախկինում մենք չէինք օգտագործում այդ հնարավորությունները»,-հավելել է նախագահը։
«Ամեն ինչ կախված է լինելու մեզնից․եթե մենք ցանկանում ենք իսկապես խաղաղ ապրել, ցանկանում ենք հարևանների հետ խնդիրները լուծելու ճանապարհով գնալ, այլ ոչ թե ավելի մեծացնել դրանք, մենք հաջողություն կունենանք, բայց եթե տրամադրված չենք, այդ դեպքում պրոբլեմներ կունենանք և կհայտնվենք այն միջավայրում, որը կար նախկինում»,- ընդգծել է Խաչատուրյանը։