Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունը չի՛ գործել, չի՛ գործում և երբե՛ք չի կարող գործել Եկեղեցու դեմ, որովհետև Կառավարությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ է։

Այս մասին Երևանում կայացած ուխտերթի ավարտին Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների բակում  ունեցած իր ելույթի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Մենք այսօր վերահաստատվում ենք որպես առաջինը քրիստոնեություն ընդունած պետություն, և այսօրվա մեր քայլարշավը խորհրդանշում էր, որ մենք ի վերջո սկսել ենք քայլել մեր փրկիչ Հիսուս Քրիստոսի նախանշած ուղով։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու պատարագի կարգում բազմիցս հնչում է հետևյալ նախադասությունը․ «Եվ ևս խաղաղությամբ Աստծուն աղաչեսցուք», ինչը գրաբարից թարգմանաբար նշակում է՝ խաղաղության համար Աստծուն աղաչենք։ Շատ խորհրդանշական բան է տեղի ունեցել, որովհետև մենք բոլորս շ՛ատ երկար ժամանակ խաղաղության համար աղաչել ենք Աստծուն, բայց ի վերջո եկել է այն պահը, երբ մենք հասկացել ենք, որ խաղաղության համար Աստծուն աղաչելուն զուգահեռ ինքներս պետք է մեր որոշումներով, գործողություններով ու քայլերով ստեղծենք այդ խաղաղությունը»,- ասաց Փաշինյանը։

Նրա հավաստմամբ՝ արդեն ՀՀ-ում ստեղծված է այդ խաղաղությունը, և այսօր մարդիկ քայլում էին փրկչին՝ Հիսուս Քրիստոսին ասելու, որ ի վերջո գնում են նրա պատգամի հետևից։

«Մենք ստեղծում ենք խաղաղություն ու ոչ միայն աղաչում ենք նրան՝ այդ խաղաղության համար, այլ ինքներս մեզ ենք կոչում խաղաղության։ Մենք վերահաստատվում ենք որպես առաջինը քրիստոնեությունն ընդունած պետություն։ Հայ ժողովուրդը քրիստոնյա է դարձել Տրդատ Մեծ թագավորի որոշմամբ և հրովարտակով, որն, իհարկե, ուղղորդվում էր Հիսուս Քրիստոսի ու նրա դեսպան առաքյալի՝ մեր առաջին հայրապետ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Իրական Հայաստանը վերահաստատվում է որպես քրիստոնեական արժեքների կրողը, որպես քրիստոնեական արժեքների վրա հիմնված պետություն»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ շատ խորհրդանշական է, որ քրիստոնեություն ընդունած ժողովրդի առանցքային խորհրդանիշերն այսօրվա ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված տարածքում են։ Վարչապետը վկայակոչեց Խոր Վաիրապը, որտեղ երկար տարիներ բանտարկված էր Գրիգոր Լուսավորիչը և Մայր Աթոռը, որը մեր ավանդության համաձայն հիմնվել է Հիսուսի իջնելու վայրում։

Վարչապետն ընդգծեց՝ Քրիստոսը տեսիլքով է ցույց տվել, թե որտեղ պետք է կառուցել մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռը։ Փաշինյանի բնորոշմամբ՝ մեր քրիստոնեական հենասյուները խորհրդանշում են այսօր նաև Հայաստանի Հանրապետությունը, ինչում բավականին ուժեղ պատգամ կա։

«Մենք այսօր նաև արձանագրում ենք, որ ահա այս քրիստոնեական ու պետական հանգրվանից մեզ պետք է նորոգվել, առերեսվել մեր անցած ճանապարհի հետ ու կայացնել որոշումներ։ Մենք կանգնած ենք մի իրավիճակի առաջ, երբ մեր հարազատ, մեր սրբության սրբոց Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին ոմանք փորձում են օգտագործել որպես հենման կետ՝ ՀՀ-ի դեմ գործելու համար։ Ասում են, թե Կառավարությունը գործում է Եկեղեցու դեմ, բայց մենք այսօր այստեղ հավաքված ենք՝ ասելու, որ Կառավարությունը չի՛ գործել, չի՛ գործում և երբե՛ք չի կարող գործել Եկեղեցու դեմ, որովհետև Կառավարությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ է։ Ես՝ որպես ՀՀ ժողովրդի կողմից ընտրված վարչապետ, ասում եմ, որ թույլ չենք տա, որպեսզի ոմանք Եկեղեցին օգտագործեն որպես հենակետ՝ ՀՀ-ի դեմ գործելու համար»,- նշեց վարչապետը։

Նրա դիտարկմամբ՝ այն մարդիկ, ովքեր եկեղեցին հասցրել են այս կետին, որ ոմանց մտքով կարող է անցնել նման միտք՝ հենց մեր եկեղեցու կարգի համաձայն՝ հերձված են դարձել։

«Այսօր մեր եկեղեցու փաստացի պետը և իր վերնախավը, իր ձևավորած նեղ շրջապատն աղանդավորական տրամաբանության մեջ են, ինչը նշանակում է, որ մենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին պետք է ազատենք հերձվածից և պետք է եկեղեցին վերադարձնենք ժողովրդին։ Եկեղեցու սպասավորներն ունեն առանցքային, կարևորագույն նշանակություն․նրանք եկեղեցու սյուներն են։ Սակայն եկեղեցին պատկանում է Հիսուս Քրիստոսին և այն ժողովրդի համար է։ Եկեղեցին այն տեղն է, որտեղ մարդը հաղորդակցվում է Հիսուս Քրիստոսի հետ։ Բայց այսօր մեր եկեղեցում Հիսուս Քրիստոսը, ցավոք, անկյուն է մղված։ Մեր փրկիչը մեկուսացված է, սակայն լավ լուրն այն է, որ մեր եկեղեցին արդեն դուրս է գալիս մեկուսացումից։ Դուք տեսաք, որ նախորդ օրը 10 եպիսկոպոսների հետ մենք որոշում կայացրեցինք ու հայտարարություն ստորագրեցինք Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման մեկնարկի մասին»,- տեղեկացրեց Փաշինյանը։

Նա հորդորեց թիկունք լինել այդ եպիսկոպոսներին ու պաշտպանել իրենց պետությանը դժվար պահին զորավիգ դարձած հոգևորականներին։

«Մենք երկար ժամանակ մեր Եկեղեցուն մենակ ենք թողել հերձվածի հետ, մենք Հիսուս Քրիստոսին իր Եկեղեցում մենակ ենք թողել այդ հերձվածի հետ։ Այսօրվա քայլարշավը նրա մասին էր, որ մենք եկել ենք, վերադարձել ենք ու այլևս մեր Եկեղեցին, նրա հոգևոր սպասավորներին ու մեր փրկիչ Հիսուս Քրիստոսին մենակ չենք թողնի։ Ես մեր Եկեղեցուց ու նրա բազմաթիվ հոգևոր սպասավորներից եմ ներողություն և թողություն խնդրում մեր Եկեղեցին, նրա սպասավորներին, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին մենակ թողնելու համար, բայց Եկեղեցին և պետությունն այլևս իրար հետ են»,- վստահեցրեց վարչապետը։  

Ելույթի վերջում նա ժողովրդին կոչ արեց գնալ պատարագներին և հոգևոր սպասավորներին խնդրել, որ միանան Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման օրակարգին։

833