Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանագետ Էմմա Բեգիջանյանի Araratnews-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում բողոքի ալիքի հիմնական դրդապատճառը նախ տնտեսական է, քանզի այդ երկրի ազգային արժույթը անկում է գրանցել և հետո, բնականաբար, առաջին անհրաժեշտության ապրանքների գները մի քանի անգամ բարձրացել են, իսկ հիմա արդեն քաղաքական պահանջներ են ավելացել։

«Այս ամենի վրա մեծ ազդեցություն կա դրսից, հատկապես Արևմուտքում գտնվող ընդդիմության ջանքերի առումով՝ գլխավորությամբ թագաժառանգ Ռեզա Փահլավիի, որը նպատակ ունի դառնալ Իրանի առաջնորդ ու խիստ մտերմիկ կապեր ունի Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ, այսինքն՝ սա նաև վերջինիս նպատակն է, որը չկարողացավ 12-օրյա պատերազմի միջոցով իշխանափոխության հասնել, հետո նպատակ դրեց Իրանը մասնատել, որտեղ կարևոր դեր կարող են խաղալ Ադրբեջանը և Իրաքի Քրդստանի Ինքնավարությունը, որոնց հետ նա խիստ սերտ հարաբերություններ ունի, իսկ մյուս կողմից՝ ԱՄՆ-ն ևս նպաստում է դրանայն, որ Թրամփը երրորդ անգամ հայտարարեց, որ չպետք է ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառվի, նշելով՝ զոհերը այն չէ, որի դեպքում պետք է միջամտենք, դրանք կարող են հրմշտոցի և այլ գործողությունների հետևանք լինել, իսկ թագաժառանգին դրական է գնահատում, բայց հիմա ժամանակը չէ նրան հանդիպելու»,- ասաց Բեգիջանյանը։

Հարցին՝ գործնականում Թրամփը կմիջամտի՞  և կհարվածի՞ Թեհրանին, նա պատասխանեց այսպես․ «Կարծում եմ՝ ոչ, եթե հարվածի՝ հարվածի թիրախ կդառնան Իրանի ռազմավարական օբյեկտները։ Եթե հարվածի, ուրեմն ավելի շատ մարդիկ կզոհվեն, քան ցուցարարների նկատմամբ ուժ գործադրելու դեպքում, և դրա համար էլ Թրամփն ասաց, որ զոհերը հրմշտոցների հետևանք են, դրա համար դեռ միջամտության կարիք չկա։ ԱՄՆ-ն ավելի շուտ հակված է իշխանափոխության, իսկ Նեթանյահուն՝ Իրանի մասնատման»։

Բեգիջանյանի դիտարկմամբ՝ եթե անգամ Իրանում իշխանափոխություն լինի, միևնույն է, Երևանի ու Թեհրանի ռազմավարական շահերը միշտ համընկնում են, որովհետև երկուսի համար էլ դեռևս պոտենցիալ վտանգը նույնն է, և նույնիսկ եղան լուրեր, որ ցուցարարների մոտ հայտնաբերվել են թուրքական զենքեր․ «Այնպես որ, եթե իշխանափոխություն եղավ և երկրի ազգային շահերը պաշտպանող իշխանություն՝ անկախ կողմնորոշումից՝ երկու երկրների հարաբերությունները կշարունակեն սերտ մնալ։ Կարծում եմ՝ Թրամփի նպատակը Իրանին Արևելքի ազդեցության տակից դուրս բերելն է, նույնիսկ եթե Իրանի բարենորոգչական թևը իշխանության գա, որը խիստ հակված է դեպի Արևմուտք. ԱՄՆ-ն դրանց կաջակցի, այսինքն՝ կմեղմացնի պատժամիջոցները, որոնց հետևանքով Իրանի տնտեսությունը անկում է գրանցել»։

Գեղամ ԱԴՅԱՆ

 

 

1470