Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շիրակի մարզում Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքների համար Կառավարությունը պարտք չի վերցրել։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախարարի խոսքով՝ ծրագիրը վարկային է, սակայն պարտավորությունները առաջանում են միայն կատարված աշխատանքների դիմաց։ «Եթե աշխատանք չի իրականացվել և վճարում չի կատարվել, ապա պարտք նույնպես չի ձևավորվել։ Սրանք այնպիսի ծրագրեր են, որտեղ պարտքը առաջանում է հենց հատկացումների փուլում»,– պարզաբանել է Հովհաննիսյանը։
Նա հիշեցրել է, որ ջրամբարի կառուցման աշխատանքները դադարեցվել են կապալառուի կողմից պայմանագրային պարտավորությունների չկատարման պատճառով։
Ֆինանսների նախարարի խոսքով՝ նման կարևոր ենթակառուցվածքային ծրագրերի դեպքում երբեմն առաջանում են խնդիրներ կապալառուների հետ։ «Եթե պայմանագիրը խզվում է, ապա ստիպված ենք լինում նոր կապալառու գտնելու երկար գործընթաց սկսել։ Կապալառուի փոխումը շատ ռիսկային գործընթաց է»,- նշել է Վահե Հովհաննիսյանը։