Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մետրոպոլիտենը Մանսուրյանի հնչյուններով․․․

 

Տիգրան Մանսուրյանի ծննդյան առթիվ նրա երաժշտությունը կհնչի Երևանի մետրոպոլիտենի կայարաններում՝ քաղաքային առօրյային հաղորդելով առանձնահատուկ տրամադրություն։ Այս օրերին մետրոպոլիտենը կվերածվի յուրօրինակ երաժշտական հարթակի: Այդ մասին հայտնում են մետրոպոլիտենից:

 

«Տիգրան Մանսուրյանը ժամանակակից հայ երաժշտության ամենախորքային ու ինքնատիպ արվեստագետներից է։ Մանսուրյանի երաժշտությունը չի աղմկում, այն լսվում է ներսում՝ հիշողության, խոհի ու զգացողության սահմաններում։ 

 

Ազգային արմատներին հավատարիմ, բայց միևնույն ժամանակ համաշխարհային մտածողությամբ, նրա արվեստը կամուրջ է անցյալի և ներկայի, հայկականի ու համամարդկայինի միջև։ Նրա յուրաքանչյուր ստեղծագործություն՝ մաքուր, ճշգրիտ ու անկեղծ, լսողին տանում է ներքին խաղաղության և խոր մտորումների ուղիով։

 

Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Երևանի մետրոպոլիտենի հետ համատեղ՝ մեծ կոմպոզիտորի ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Կհնչի Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը  (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)։

 

Շնորհավո՛ր տարեդարձդ,Մաեստրո»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ:

572