
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը ԿՀՎ տնօրենի պաշտոնում առաջադրել է վետերան դիվանագետ Ուիլյամ Բյորնսի թեկնածությունը:
Ռուսաստանում եւ Հորդանանում նախկին դեսպան, 64-ամյա Բյորնսը 33 տարի անցկացրել է Պետդեպարտամենտում` հանրապետական եւ դեմոկրատ նախագահների օրոք, զբաղեցրել է պետքարտուղարի տեղակալի պաշտոնը, իսկ 2014-ին թոշակի է անցել եւ սկսել է գլխավորել Կարնեգիի միջազգային խաղաղության հիմնադրամը:
Պետդեպարտամենտում անկարգությունների ֆոնին` այն բանից հետո, երբ 2017 թվականին նախագահ Դոնալդ Թրամփը սկսեց իր պաշտոնավարումը, Բյորնսը լեզուն ատամների հետեւում էր պահում մինչեւ անցյալ տարի, երբ սկսեց խիստ քննադատական հոդվածներ գրել Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության վերաբերյալ: Բյորնսը դիվանագիտական ծառայության վերականգնման եւ վերակազմավորման ջատագով էր, եւ Բայդենը այդ նույն դիրքորոշումն ունի, հայտնում է AP-ն:
«Բիլ Բյորնսը մեր ժողովրդի եւ մեր երկրի անվտանգությունն ապահովող օրինակելի դիվանագետ է` երկար տարիների փորձով համաշխարհային հարթակում»,- ասել է Բայդենը: «Նա կիսում է իմ խորին համոզումը, որ հետախուզությունը պետք է ապաքաղաքական լինի եւ որ հետախուզության` իրենց գործին նվիրված մասնագետները, ովքեր ծառայում են մեր երկրին, արժանի են մեր երախտագիտությանը եւ հարգանքին: Դեսպան Բյորնսը կկիսվի այն գիտելիքներով, դատողություններով եւ հեռանկարով, որոնք մեզ անհրաժեշտ են սպառնալիքները կանխելու եւ դրանց հակազդելու համար` նախքան դրանք կհասնեն մեր ափերին»:
Ասում են, որ Բյորնսը Բայդենի պետքարտուղարի պաշտոնի թեկնածուն էր: Փոխարենը Բայդենն ընտրեց Էնթոնի Բլինքենին:
Սենատի կողմից հաստատվելու դեպքում Բյորնսը կփոխարինի Ջինա Հասփելին: Որպես ԿՀՎ առաջին կին տնօրեն` Հասփելը ղեկավարում էր գործակալությունը Թրամփի օրոք:
Աղբյուր՝ news.am