Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկումների ընթացքում նախագծում որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել։ Այս մասին փետրվարի 24-ին Խորհրդարանի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի երկրորդ և վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Օրենսդրական նախաձեռնության համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայությունից կազատվեն այն քաղաքացիները, որոնք ավարտել են աշխարհի 50 լավագույն համալսարանները և առնվազն երեք տարի աշխատել են Հայաստանում։ «Պարտադիր զինվորական ծառայությունից կազատվեն այն քաղաքացիները, որոնք Շանհայի վարկանիշային աղյուսակի առաջին 50-ի մեջ ընդգրկված համալսարաններում բակալավրի, մագիստրոսի կամ ասպիրանտուրայի ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի կաշխատեն Հայաստանի Հանրապետությունում՝ կառավարության կողմից սահմանված մասնագիտություններով», - բացատրել է Անդրեասյանը։

Այս օրենսդրական փոփոխությունից հետո համապատասխան ենթաօրենսդրական ակտերով կսահմանվի, որ նշված հիմքով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած և ուսումն ավարտած քաղաքացիները պարտավոր կլինեն վերադառնալ Հայաստանի Հանրապետություն՝ նախատեսված կարգով աշխատանքի անցնելու համար։

«Պետությունը մեկնարկել է նոր նախաձեռնություն, որի շրջանակում թոփ 50 համալսարանների ուսանողների վարձավճարի որոշակի փոխհատուցում է նախատեսվում: Կարգերն արդեն մշակվում են նիստի ընթացքում», - ասաց հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը։ 

«Կխնդրեմ, երբ ենթաօրենսդրական կարգերը պատրաստ լինեն, դրանց մասին տեղեկատվությունը հրապարակել տեսահոլովակի կամ մամուլի հաղորդագրության միջոցով: Հետագայում նաև մենք, պատգամավորներով, մեր միջոցներով կհանրայնացնենք»,- ԿԳՄՍ նախարարին ասաց  Գաբրիելյանը՝ ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Նա պարզաբանեց, որ եթե քաղաքացին ընդունվում է թոփ 50 համալսարաններից որևէ մեկը ըստ պետությանը համապատասխանող կարգերի, ապա պետությունը պատրաստ է համաֆինանսավորել 10 միլիոն դրամ։

«Սա բավականին մեծ գումար է: Ես հաշվել եմ մոտ 70%-ը այս նախաձեռնությամբ ծածկվում է, եթե ոչ ավել: Կան նաև համալսարաններ, որտեղ տարեկան վճարները կազմում են 30–40 հազար դոլար»,- ընդգծեց Գաբրիելյանը:

986