ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը այսօր հանդիպում ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ: Հանդիպումից հետո Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ տեղյակ չէ «Լուսավոր Հայաստան»-ի որոշումից, բայց կարծում է՝  նրանց բոլոր կասկածները փարատել է:

Պատգամավոր Անի Սամսոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանդիպումը անցել է կառուցողական մթնոլորտում, և նշեց, որ հանդիպել են նաև Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադեւոսյանի հետ։

«Թե՛ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու տիկին Թադևոսյանի, թե՛ Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպումները անցան շատ նորմալ, կառուցողական հարցուպատասխանի մթնոլորտում։ Խմբակցության անդամները ինչ հարցեր որ ունեին, փորձեցին պարզաբանել՝ թե՛ դատական համակարգի վերաբերյալ և թե՛ անձնապես թեկնածուների մոտեցումների վերաբերյալ»,- նշեց պատգամավորը։

«Գագիկ Ջհանգիրյանը բոլոր հարցերին տվել է սպառիչ, անկեղծ պատասխաններ։ Սակայն խմբակցության ոչ  բոլոր անդամներն են  ներկա եղել այսօրվա հանդիպմանը, ուստի թեկնածուների ընտրության հետ կապված հարցը լրացուցիչ կքննարկվի»,- ասաց Սամսոնյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ «Լուսավոր Հայաստան»-ի կողմից սեփական թեկնածու առաջադրելու որոշում չկա։ Չբացառեց, որ հնարավոր է՝ նման որոշում կայացվի։

Անդրադառնալով նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ կապված որոշ հակասական կարծիքներին՝ Սամսոնյանը նշեց.

«Քանի որ Բարձրագույն դատական խորհրդի անդամը, որ ընտրվում է Ազգային ժողովի կողմից, իրավաբան-գիտնական է, մենք առաջին հերթին նրա՝ որպես գիտնական և որպես իրավաբանական մասնագիտական որակներն ենք դիտարկելու»։

 

1237