Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քաղաքաշինության կոմիտեում կայացել է հանդիպում «Կոմիտաս պարկ» բնակելի թաղամասում բնակարաններ ձեռք բերած հանրային ծառայողների հետ՝ քննարկելու բնակելի համալիրի գազամատակարարման հարցի կարգավորման ընթացքը։ Այդ մասին տեղեկանում ենք Քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրությունից։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը և նախագահի խորհրդական Նաիրի Հարությունյանը ներկայացրել են խնդրի կարգավորմանն աջակցելու նպատակով կոմիտեի ձեռնարկած քայլերը, ինչպես նաև փոխանցել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից և կառուցապատող «Օրդ Դեվելոփմենթ» ՍՊԸ-ից պաշտոնապես ստացված պարզաբանումները։

Մասնավորապես՝ «Օրդ Դեվելոփմենթ» ՍՊԸ-ն արդեն կատարել է առավել օպտիմալ միացման կետից գազիֆիկացման տեխնիկական պայմաններ ստանալու համար նախատեսված վճարումների մի մասը։ Կառուցապատողի վստահեցմամբ՝ վճարման մնացած մասը նախատեսվում է կատարել առաջիկա օրերին։

Վճարումը կատարելուց հետո «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն սեղմ ժամկետում կտրամադրի գազիֆիկացման տեխնիկական պայմաններ, որոնց հիման վրա կկատարվեն գազատարի կառուցման անհրաժեշտ աշխատանքները:

Կոմիտեի պաշտոնյաները շեշտել են, որ Քաղաքաշինության կոմիտեն հետևողական է լինելու, որպեսզի նախատեսված աշխատանքներն իրականացվեն հնարավորինս սեղմ ժամկետում, և նոր զարգացումների վերաբերյալ իրազեկելու է շահառուներին՝ հետագա քայլերի վերաբերյալ որոշումներ կայացնելու նպատակով։

 

 

511