Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) հրապարակել է Լա լիգայի 30-րդ տուրի շրջանակում կայացած «Ատլետիկո Մադրիդ» — «Բարսելոնա» (2-1) հանդիպման վիճահարույց դրվագի ձայնագրությունը։
Խոսքը գլխավոր մրցավար Մատեո Բուսկետս Ֆերերի և VAR (տեսակրկնապատկերի) սենյակի միջև բանակցությունների մասին է, որոնց արդյունքում չեղարկվեց «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Մարտինի հեռացումը: Այս մասին հայտնում է իսպանական Mundo Deportivo պարբերականը։
Հիշեցնենք, որ հանդիպման 46-րդ րոպեին կատալոնացիների պաշտպանը, փորձելով խլել գնդակը, ցավոտ հարված էր հասցրել մադրիդյան ակումբի կիսապաշտպան Տիագո Ալմադայի ոտքին։
Հրապարակված ձայնագրության համաձայն՝ VAR-ի սենյակից մրցավարին փոխանցել են հետևյալը.
«Մատեո՛, խնդրում եմ, խորհուրդ եմ տալիս մոտենալ էկրանին և դիտել դրվագը՝ ցույց տրված կարմիր քարտի հնարավոր չեղարկումը գնահատելու համար։ Իմ կարծիքով՝ սա դրվագ է, որտեղ «Բարսելոնայի» ֆուտբոլիստը նախ խաղում է դեպի գնդակը՝ պահպանելով խաղի բնական դինամիկան, որից հետո միայն «Ատլետիկոյի» ֆուտբոլիստի հետ բախումն արդեն տեղի է ունենում բնական ճանապարհով»։
Էկրանի մոտ դրվագը վերանայելուց հետո գլխավոր մրցավարը համաձայնել է գործընկերների հետ.
«Լա՛վ, «Բարսելոնայի» խաղացողը վերահսկում է գնդակը, խաղում է դրանով, իսկ հետո տրորում է մրցակցի ոտքը։ Դա խաղային դրվագի բնականոն շարունակությունն է։ Ես կչեղարկեմ կարմիր քարտը և նրան դեղին ցույց կտամ, լա՞վ»։
«Ճիշտ այդպես, համաձայն ենք», — արձագանքել են VAR-ի սենյակից։
Արդյունքում, տեսակրկնապատկերի մանրամասն դիտումից հետո մրցավարն արձանագրեց, որ Ժերարդ Մարտինը նախապես խաղացել է գնդակին, և չեղյալ հայտարարեց խաղադաշտից նրան հեռացնելու իր նախնական որոշումը։
Նշվում է, որ որոշման փոփոխության գլխավոր պատճառն այն է, որ եթե խաղացողը նախ կատարում է մաքուր հպում գնդակին, իսկ մրցակցի ոտքին հարվածը տեղի է ունենում դրանից անմիջապես հետո՝ հարվածող ոտքի բնականոն շարժման (իներցիայի) հետևանքով, ապա դա չի որակվում որպես միտումնավոր կոպիտ խաղ և չի պատժվում ուղիղ հեռացմամբ։ Տվյալ դեպքում մրցավարները բախումը համարել են անխուսափելի և խաղային դրվագի բնական շարունակություն։
Աղբյուրը`ArmSport.am