
«Իհարկե ճիշտ նշվեց, բայց մյուս կողմից, չեմ ուզում հանրության շրջանում տպավորություն ստեղծվի, թե մենք առողջապահական համակարգի գործունեությունը համարում ենք անթերի, իհարկե շատ խնդիրներ կան, որոնք լուծված չեն և պետք է լուծվեն»,- առողջապահության նորանշանակ նախարարին ներկայացնելու ժամանակ ամփոփիչ խոսքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր առողջապահական համակարգի գործունեությունը և որակը շատ տեղերում դեռ հեռու է մեր պատկերացրածից ու երազածից, և իհարկե մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Բայց ընդհանուր առմամբ պետք է արձանագրել, որ հատկապես ճգնաժամային 2020 թվականին առողջապահական համակարգն, ընդհանուր առմամբ, լուծել է իր առջև դրված խնդիրները, մենք ցավոտ պրոբլեմ ունեինք կապված մարմինների նույնականացման հետ, ԴՆԹ անալիզների հետ, բայց հիմա ինչպես և նախարարը նշել էր, խոստացված ժամկետում երկրորդ սարքը ներմուծվեց և սկսեց աշխատել»,- ասաց վարչապետն ընդգծելով, որ այդ առումով նույնպես հիմա կառավարելիության բոլորովին նոր մակարդակ ունենք:
Գործադիրի ղեկավարը հաջողություն մաղթեց նախարարին և ներկաներին` հույս հայտնելով, որ այն բարեփոխումների տեմպը, որ կա առողջապահական համակարգում, առնվազն կպահպանվի և մի բան էլ կմեծանա: