
Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանում տարածված հակահայկական խոսքին, հռետորաբանությանը և արդեն հայտնի հակահայկական դրոշմանիշին:
«Ռազմական գործողությունները դադարել են, բայց ինչպես առիթ ունեցել եմ ասելու, պատերազմը ունի հետցնցումներ, այսինքն՝ այնպես չի, որ պատերազմը մի օրում կանգնում է և վերջ: Մեր խնդիրն է կառավարել այդ վիճակը: Նոյեմբերի 9-ից հետո ես առիթ ունեցել եմ ասելու, որ Հայաստանի ու Արցախի շուրջ որոշակի կայունություն ապահովվելն է և, այո, որոշակի կառավարելը և արձանագրելը մի շարք իրավիճակների: Իհարկե, հիմա արդեն հայտնի դրոշմանիշի հրապարակումը անընդունելի է: Ադրբեջանի կառավարությունը վերջերս հաճախ է խոսում Հայաստանի ֆաշիզմի մասին, բայց ակնհայտ է, որ ֆաշիզմի դրսևորումներ մենք տեսնում ենք Ադրբեջանում, քանի որ, ինչքան ինձ հայտնի է, նմանատիպ դրոշմանիշ եղել է մեկ էլ ֆաշիստական Գերմանիայում, և այդ փաստը շատ խոսուն է: Չեմ կարծում, թե միայն կառավարությունը ունի անելիք այդ իրավիճակը կառավարելու համար, խորհրդարանը նույնպես անելիք ունի, պարզապես պետք է այդ դրոշմանիշը ի ցույց դնել լայն շրջանակներում՝ նկատի ունեմ միջազգային կազմակերպությունների և գործընկերների»,-ասաց վարչապետը:
«Թեմայի շուրջ բանակցություն է եղել նաև մոսկովյան հանդիպումների ընթացքում, և ես նշել եմ, որ ըստ էության Արցախյան հակամարտության ողջ ընթացքում որոշակի տրամաբանության զարգացում է եղել Ադրբեջանում։ Ի սկզբանե ես ուզում եմ նորից ընդգծել ԱԳ նախարարի ասածը, որ ըստ էության Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունները հակասական են: Մի դեպքում, որտեղ հարկավոր է, զարգացվում է խաղաղության հռետորիկա, մյուս դեպքում՝ ատելության քարոզ է զարգացվում, և այս հարցով կարծում եմ, որ Ադրբեջանը պետք է կողմնորոշվի՝ որ ճանապարհով է գնում, և մենք նույնպես պետք է կողմնորոշվենք որ ճանապարհով ենք գնում»,- ամփոփեց Փաշինյանը։