Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառումը:

 

 Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց՝ միջոցառումը միտված է խաղողի մթերումներին և գինեգործության ու կոնյակագործության ոլորտում գործող կազմակերպությունների մոտ առկա խնդիրները կարգավորելուն:

 

Նախարարի փոխանցմամբ՝ ճգնաժամային իրավիճակի պատճառով թե՛ արտահանման, թե՛ ներքին շուկայում իրացման ծավալների 30 տոկոսով անկումներ են արձանագրված, և դրանք ազդեցություն են թողել կազմակերպությունների վրա երկու առումով.

 

«Նախ՝ ընթացիկ դրամական եկամուտները նվազել են, որովհետև վաճառքներն են նվազել, և երկրորդ՝ ընդհանուր այդ ոլորտում գործունեության պայմանների վատացման հետևանքով բանկերն ավելի զգուշավոր են այդ կազմակերպությունների հետ և ավելի դժվարությամբ են վարկավորում»:

 

Խաչատրյանը հիշեցրեց՝ առջևում խաղողի մթերումներն են, և տեղեկություններ ունեն, որ այս տարի խաղողի բերքը զգալիորեն բարձր է լինելու, քան նախորդ մի քանի տարիների ընթացքում․

 

«Կազմակերպությունները, որոնք դեռևս բավարար չափով վաճառք չունեն, ունեն նաև որոշակի ֆիզիկական վերազինման անհրաժեշտություն, որովհետև այն տարողությունները, որոնք նրանք օգտագործում են պատրաստի արտադրանքի կամ մթերումների ժամանակահատվածում, չվաճառված արտադրանքի դեպքում արդեն բավարար չեն թվում, ու որոշ դեպքերում դժվարություններ են առաջացնում բնականոն գործունեությունը կազմակերպելու համար»,- նշեց Խաչատրյանը:

Աջակցության այս ծրագրով մթերումների շրջանում մթերումներ իրականացնող կազմակերպություններին սուբսիդավորվող վարկեր կտրամադրվեն, Կառավարությունը կսուբսիդավորի վարկի տոկոսն ամբողջությամբ: 

 

Սուբսիդավորման առավելագույն ժամկետը կսահմանվի 24 ամիս, վարկի առավելագույն սահմանաչափը մեկ կազմակերպության համար  3 միլիարդ դրամ է, մարման արտոնյալ ժամանակահատվածը՝ 3-6 ամիս:

 

Կառավորության նիստի մեկնարկին վարչապետն արձանագրեց՝ Կառավարության աջակցության ծրագրերի արդյունքում մինչ այժմ շահառուներին տրամադրվել է 144,5 մլրդ դրամ։

 

 

474