Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացվեց սահմանազատման և սահմանագծման առաջին գործնական փուլը։ Այս գործընթացի կենտրոնում հայտնվեց Տավուշի մարզի Կիրանց գյուղը՝ սահմանամերձ մի համայնք, որի առօրյան անմիջականորեն առնչվում է պետական սահմանի փոփոխություններին։
Սակայն Radar Armenia-ի «Կյանքը պետական սահմանին» ֆիլմը սահմանների մասին չէ։ Այն մարդկանց մասին է, ովքեր տասնամյակներ շարունակ ապրել են սահմանին, հաղթահարել պատերազմներ, անորոշություններ և վտանգներ, բայց երբեք չեն լքել իրենց գյուղը։ Կիրանցի բնակիչները պատմում են իրենց կյանքի, աշխատանքի, ընտանիքի և հայրենի հողի հետ ունեցած կապի մասին՝ ներկայացնելով սահմանամերձ համայնքի իրական դեմքը։
Ֆիլմում մարդկանց պատմությունների միջոցով բացահայտվում է, թե ինչպես են քաղաքական գործընթացներն արտացոլվում սովորական մարդկանց կյանքում։ Նոր դպրոցը, կառուցվող տները, մշակվող այգիները և գյուղի երեխաների առօրյան դառնում են իրականության վկայություններ։
«Կյանքը պետական սահմանին» պատմություն է մարդկանց ընտրության մասին՝ մնալու, արարելու և ապագա կառուցելու այն վայրում, որը նրանք անվանում են տուն։ Ֆիլմը ներկայացնում է մարդկանց տոկունությունը, հայրենիքին նվիրվածությունը և խաղաղ ու արժանապատիվ կյանքի հանդեպ նրանց հավատը։