Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Թեև մինչև հիմա էլ շատ սերտ համագործակցություն ենք ունեցել Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի հետ, բովանդակային փոփոխություններից առաջ պարտադիր լսել ու հաշվի առել ձեր կարծիքն ու դիտարկումները, բայց կարևոր է նաև այս ամենը դնել ինստիտուցիոնալ հիմքի վրա»,- Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի հետ համաձայնագրի ստորագրումից առաջ նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը:

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ հատկապես մասնագետների հավաստագրման, բժշկական կենտրոնների լիցենզավորման, ուղեցույցների ու չափորոշիչների մշակման գործում նախարարն անհրաժեշտ է համարել մասնագիտական համայնքի` ասոցիացիաների ներգրավվածությունը:

Նախարարի խոսքով` Հայաստանի սրտաբանների ասոցիացիան միշտ աչքի է ընկել միասնական ակտիվությամբ, ինչն էլ ապահովել է նրանց ձայնը լսելի դարձնելն ու գերատեսչության հետ արդյունավետ փոխգործակցությունը:

Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ Համլետ Հայրապետյանը, ոլորտի զարգացման գործում կարևորելով փորձառու մասնագետների դիտարկումները մշտապես հաշվի առնելու գերատեսչության պատրաստակամությունը, նշել է, որ իրենք էլ իրենց հերթին պատրաստ են ջանքերը մեկտեղելու` ոլորտի շարունակական զարգացումն ապահովելու համար:

Համաձայնագրի ստորագրումից հետո նախարարն առաջարկել է մշակել համագործակցության հնգամյա ռազմավարությունը, մեկնարկի համար ներկայացնել երեք առաջնահերթ ուղղություններ:

Ասոցիացիայի անդամները տեղում ներկայացրել են այն երեք կարևոր առաջնահերթությունները, որով և մեկնարկել է Առողջապահության նախարարություն- Հայաստանի սրտաբանների ասոցիացիա պաշտոնական համագործակցությունը:

85