
Համաշխարհային բժշկական ասոցիացիան կոչ է արել շտապ քայլեր ձեռնարկել Արցախում հումանիտար ճգնաժամի մեջ հայտնված հազարավոր խաղաղ բնակիչներին օգնելու համար։
Նշվում է, որ ճգնաժամը հաջորդել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի շրջափակմանը, ինչի հետևանքով ավելի քան 120 հազար խաղաղ բնակիչ կտրված է ցանկացած բժշկական օգնությունից։ Դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հազարավոր մարդիկ չեն կարողանում սնունդ և բժշկական օգնություն ստանալ, իսկ տարածքում գտնվող հիվանդներին չեն կարողանում տեղափոխել Երևանի հիվանդանոցներ։
«Հիվանդները մահվան վտանգի մեջ են, քանի որ նրանք չեն կարողանում ստանալ իրենց դեղերը և չեն կարողանում հասնել հիվանդանոց: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը անհապաղ ապահովել անվտանգ մուտքը Լաչինի միջանցքով՝ խուսափելով այս հումանիտար ճգնաժամի սրումից։ Սա կարևոր ուղի է կենսական սննդի և դեղորայքի առաքման համար», - ասել է Համաշխարհային բժշկական ասոցիացիայի խորհրդի նախագահ դոկտոր Ֆրենկ Ուլրիխ Մոնտգոմերին: