Աշխարհի ամենախոշոր և հայտնի մշակութային հաստատություններից մեկի՝ ռուսական Մարիինյան թատրոնի տեխնիկական անձնակազմը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևի համաձայնությամբ, Հայաստանում տեսագրում և ձայնագրում է Բեթհովենի սիմֆոնիաները՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ։

Նվագախումբն իր «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի շրջանակում այս օրերին գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ձայնագրության համար կատարում է հանճարեղ կոմպոզիտորի Թիվ 1, Թիվ 2 և Թիվ 5 սիմֆոնիաները՝ 9 պլանավորվածից։ Ձայնագրման և տեսագրման աշխատանքներն իրականացվում են Արամ Խաչատրյան համերգասրահում։

14 հոգանոց անձնակազմը, Մարիինյան թատրոնի լավագույն մասնագետների գլխավորությամբ, իր հետ մեր երկիր է բերել բարձրորակ ու գերժամանակակից տեսանկարահանող և ձայնագրող տեխնիկա՝ այդ թվում՝ 2 PTS սարք, ինչպես նաև ժամանել է 5 օպերատոր, որոնք նկարահանումներն իրականացնում են 10 դիրքերից, որպեսզի արդյունքում ստեղծվի բարձրակարգ ձայն ու պատկեր։ Վերջինս էլ իր հերթին կտարածվի միջազգային հարթակներում՝ լավագույնս ներկայացնելով հայաստանյան դասական արվեստը։ Ի դեպ, հենց այս մասնագետներն են ստեղծում հանրահայտ Mariinsky TV-ի ամբողջ արտադրանքը։

«Մեզ համար մեծ պատիվ է, որ Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևը համաձայնել և Հայաստան է ուղարկել նման բարձրակարգ մասնագետների՝ «Գրեմմիի» առաջադրված ձայնային ռեժիսոր Իլյա Պետրովի, բեմադրող ռեժիսոր Դմիտրի Կազակովի և գլխավոր օպերատոր Արսենիյ Նիկոլաևի ղեկավարությամբ։ Սանկտ Պետերբուրգից ժամանած մասնագետները բարձր են գնահատել նվագախմբի կատարողական մակարդակն և մաեստրո Թոփչյանի վարպետությունը ու նվիրվածությունը, ձայնի և լույսի տեղի մասնագետների հմտությունները և դահլիճի անձնակազմի պատրաստակամությունը․ ի դեպ, նրանք Մարիինյան թատրոնի մասնագետներին են աջակցում ձայնագրման ամբողջ ընթացքում։ Շուտով հանրությունը հնարավորություն կունենա տեսնել և լսել արդյունքը: Մենք կունենանք և՛ վիդեո, և՛ աուդիո բարձրորակ արտադրանք, որը պետք է տարածենք տարբեր եղանակներով»,- նշում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը, որն էլ հենց կազմակերպել է Մարիինյան թատրոնի թիմի այցը Հայաստան։

Հիշեցնենք, որ «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնը կազմակերպում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Փառատոնը հարգանքի տուրք է մատուցում հանճարեղ կոմպոզիտորի ժառանգությանը, որը կերտվել էր խավարի դեմ իր հավերժական պայքարի համատեքստում: Փառատոնի շրջանակում արդեն իսկ տեղի է ունեցել երկու սիմֆոնիկ և երկու կամերային համերգ։ 2021 թվականի ընթացքում սպասվում են մի շարք բեթհովենյան համերգներ: Հիշեցնենք, որ ՀԱՖՆ-ը նախատեսում է 2021 թվականին ավարտել Բեթհովենի բոլոր 9 սիմֆոնիաների ձայնագրությունները:

25 Հունվար, 2021 12:53
96
; ;