Հայաստանի Հանրապետությունը այս օրերին գտնվում է հետպատերազմական բարդ փուլում, ինչը որոշակի իմաստով բերում է հանցավորության աճի: Հանցավոր արարքներն առաջ են բերում դրանում մեղավորի քրեական պատասխանատվությունը: Հարկ ենք համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ պատիժը սահմանվում է միայն հանցագործի նկատմամբ, և շրջապատի կողմից դրա հոգեբանական հետևանքները ընտանիքի անդամները ոչ մի պարագայում իրենց վրա չպետք է զգան: Դրա համար պետք է ստեղծվեն պետական հոգեբանական և իրավական աջակցման կենտրոններ, որոնք կօժանդակեն ոչ միայն պատիժը կրող անձին, այլև ընտանիքի անդամներին:

Քրեակատարողական հիմնարկում աշխատանքային քաղաքականության գերխնդիրը պետք է լինի այն, որ հիմնարկ մուտք գործած անձին նախապատրաստեն ազատման:

Պատժի նպատակները պետք է լինեն՝ վերականգնել սոցիալական արդարությունը և վերասոցիալականացնել պատժի ենթարկված անձին:

«Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ Արշակ Գասպարյանը հարցազրույցներից մեկում նշել է, որ   նախկին դատապարտյալների վերաինտեգրման գործընթացը սկսվում է հենց այն պահից, երբ ազատազրկված անձը մուտք է գործում քրեակատարողական հիմնարկ։ Դժվար է չհամաձայնել այս մտքի հետ:

Քանի որ հոգեբանական աշխատանքը ազատման նախապատրաստվող դատապարտյալների հետ շատ կարևոր և զգայուն խնդիր է, հարցի վերաբերյալ զրուցել ենք հոգեբանի հետ։

«Դատապարտյալների տարիքային խմբերը էական նշանակություն ունեն. դրանք փոխում են աշխատանքի մեթոդները: Հասարակությունը շատ հաճախ չի կարողանում ընդունել նրանց, օրինակ՝ աշխատանք տրամադրել կամ վերաինտեգրել, և շատ հաճախ իրենք էլ չեն գիտակցում, թե ինչպես են երկրորդ անգամ հայտնվում պատժիչ կառույցում: Շատ կարևոր է հոգեբանական աշխատանքը՝ հասկանալու համար տվյալ վարքային խնդիրը,  ինչի հետևանքով է առաջացել: Պետք է տարբերակում տալ` դա փոքր տարիքո՞ւմ ձեռք բերած հոգեբանական խնդիր է, անձնայի՞ն, թե՞ իրավիճակային, որպեսզի պարզ լինի, թե հետագայում ինչպես կարելի է տանել հոգեբանական աշխատանքը: Պետք է հասկանալ հանցանքի հիմքերը։ Երբ հասկանանք` կկարողանանք դուրս հանել նրան ստեղծված իրավիճակից»,- նշեց նա։

«Ընդհանրապես հոգեբանական աշխատանք տարվում է բոլոր  պատժիչ հաստատություններում, սակայն, ըստ իս, դա քիչ է,  և կարևոր է հենց տարիքային բաժանումով դեռ հաստատությունում հասկանալ, թե հետագայում հասարակությունում ինչ դեր են իրենք զբաղեցնելու: Եթե դատապարտյալը իմանա, որ դուրս գալու դեպքում իր համար աշխատանք կնախատեսվի, կամ ինքը կկարողանա սովորել, սրանով կպակասեցնենք ռիսկերը նրան վերադարձնելու նույն իրավիճակին: Մենք պետք է տեսնենք անձի մեջ նրա լավ հատկանիշները և այդ ուղղությամբ աշխատանք տանենք, միայն այս դեպքում կվերահսկենք ռիսկերի իջեցումը՝ վերադարձնելու իրենց նույն կարգավիճակին:

Նշեմ, որ խնդրի լուծման համար նաև շատ կարևոր է բարձրացնել սոցիալական աշխատողի դերը մեր հասարակությունում»,- եզրափակեց հոգեբանը։

Հեղինակ՝ Ալինա Դավթյան

1035