Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների ուղեկցությամբ շրջայց է կատարել Գյումրու Շիրակացի փողոցում, որտեղ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ։
Մարզպետը դիտարկել է իրականացվող աշխատանքների ընթացքը և շինարարական կազմակերպության ներկայացուցիչների հետ զրույցում կարևորել դրանց որակով, սահմանված պահանջներին համապատասխան և նախատեսված ժամկետներում իրականացումը։


«Գյումրու ճանապարհային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են ՀՀ վարչապետի ուշադրության ներքո։ Քաղաքի ճանապարհաշինական խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են, նախատեսվում է տարեկան շուրջ 25 կմ ճանապարհաշինական ծրագրերի իրականացում, իսկ ընթացիկ տարում նախատեսվում է շուրջ 15 կմ ճանապարհահատվածների միջին նորոգում։ Կարևոր նշանակություն ունի նաև Շիրակացի փողոցի հիմնանորոգման ծրագիրը, որը քաղաքի ճանապարհային ցանցի կարևոր հատվածներից է։ Մեր նպատակը ոչ միայն ճանապարհների վերականգնումն է, այլև անվտանգ, հարմարավետ և երկարաժամկետ շահագործման համար նախատեսված որակյալ ենթակառուցվածքների ստեղծումը»,- ընդգծել է Շիրակի մարզպետը։

Ներկայումս Շիրակացի փողոցում իրականացվում են երթևեկելի մասի նախապատրաստական շերտի շինարարական աշխատանքները։
Պատասխանատուները քննարկել են նաև 2026-ին Գյումրիում նորոգման ենթակա փողոցների ընտրությանն առնչվող հարցեր։