Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը 2026 թվականի առաջին կիսամյակում զգալի աճ է գրանցել՝ հասնելով շուրջ 1,8 միլիոնի։ Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Սամվել Խարազյանը:
«Առողջության համընդհանուր ապահովագրության ուժի մեջ մտնելուց ի վեր՝ 2026 թվականի հունվարի 1-ից, ապահովագրված քաղաքացիների ընդհանուր թիվն ավելացել է շուրջ 14 տոկոսով։
Եթե տարեսկզբին խոսում էինք 2026 թվականին շուրջ 1,6 մլն շահառուների սպասարկման մասին, ապա, հունիսի տվյալների համաձայն, շահառուների թիվը շուրջ 1,8 մլն անձ է, որոնց մեջ տեսակարար կշիռ են կազմում վարձու աշխատողներն ու անհատ ձեռնարկատերերը։ Այսինքն՝ այս աճը հիմնականում պայմանավորված է 200 հազար և բարձր աշխատավարձ ստացող շահառուների թվաքանակի աճով: Միայն հունվար ամսվա դրությամբ այս շահառուների թվաքանակի աճը կազմել է ավելի քան 30 տոկոս»,- ասաց նա։
Ըստ Սամվել Խարազյանի՝ այս ցուցանիշների աճը նաև պայմանավորված է երկրի տնտեսական աճով, նոր աշխատատեղերի ստեղծմամբ և առողջապահության համակարգի կարևորությամբ։ Նա նաև նշեց, որ հունիս ամսվա դրությամբ եղել է շուրջ 1,8 մլն շահառու, որից 762.404-ն օգտվել են համակարգի այս կամ այն ծառայությունից։
«Փաստորեն, գրեթե յուրաքանչյուր երկրորդ ապահովագրված անձ օգտվել է ապահովագրված փաթեթում ներառված որևէ ծառայությունից և ստացել է որևէ դեղ, իսկ որ միայն դեղորայք է ստացել, նման շահառուների թիվը 35.961 է»,- ասաց նա։
Այս 6 ամիսների ընթացքում արդեն իսկ շահառուներին փոխհատուցվել են 102,4 մլրդ դրամի ծառայություն և դեղորայք։ Հիմնադրամի ծախսերի գերակշիռ մասն ուղղված է եղել թանկարժեք վիրահատությունների կամ ոչ այնքան թանկարժեք, բայց անհրաժեշտ վիրահատությունների իրականացմանը: