Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ խաղաղության համաձայնության հասնելու համար անհրաժեշտ կլինի մեծածավալ և բարդ աշխատանք, իսկ հակամարտության կարգավորումը կպահանջի նոր գաղափարներ և առաջարկներ։
«Մենք ցանկանում ենք խաղաղության համաձայնագիր։ Պատրաստ ենք կատարել ցանկացած կառուցողական դեր, որը կարող ենք ունենալ՝ հակամարտությանը վերջ դնելու համար։ Դրա համար մեզ անհրաժեշտ կլինի այնպիսի լուծում, որի շուրջ կկարողանան համաձայնության գալ թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան։ Դա չի կայանա մեկ մամուլի ասուլիսի ընթացքում։ Դրա համար անհրաժեշտ կլինի հսկայական աշխատանք կատարել»,- ասել է Ռուբիոն Մանիլայում՝ ԱՍԵԱՆ-ի անդամ երկրների արտգործնախարարների 59-րդ համաժողովի շրջանակում լրագրողների հարցերին պատասխանելիս։
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Վաշինգտոնը ցանկանում է իր ներդրումն ունենալ Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործընթացում։
Ռուբիոն նաև նշել է, որ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ կլինեն նոր գաղափարներ և առաջարկներ, քանի որ մինչ այժմ ներկայացված նախաձեռնությունները չեն արժանացել կողմերի համաձայնությանը։ Այս հայտարարությունն արվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո։