Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վերջին տարիներին հանրապետությունում ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել մարզերում ճանապարհների վերանորոգման, հիմնանորոգման, անգամ նորերի կառուցման ուղղությամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քանի անգամ ֆոտոռեպորտաժ ու տեսանյութեր է հրապարակել, որով կառավարությանը փոխանցել է հազարավոր քաղաքացիների ու վարորդների խնդրանքը, որպեսզի Կոտայքի մարզից դեպի Արագածոտնի մարզ տանող ճանապարհը, որը վերջին անգամ ասֆալտապատվել էր, այն էլ՝ փոսալցման եղանակով, 20 տարի առաջ, հիմնանորոգվի։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շաբաթներ առաջ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը այցելել է Եղվարդ-Զորավան-Արայի գյուղ-Բուժական բնակավայրեր, ինչից հետո կառավարությանը ներկայացնում է ծրագիր, որը հավանության է արժանանում, ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ ՏԿԵ նախարարության «Ճանապարհային Դեպարտամենտ» հիմնադրամը գործի է անցնում, քանի որ կառավարությունն արդեն խոշոր չափի գումար է ներդրել այդ ճանապարհը հիմնանորոգելու համար։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհի մոտ 13 կիլոմետր հատվածից հեռացվում է հողային շերտը, քանի որ ամեն անգամ ասֆալտապատում, փոսալցում կատարելուց հետո շաբաթներ անց այդ մի քանի կիլոմետրանոց հատվածում նորից առաջանում են նստվածքներ ու փոսեր։

Հիմա գրեթե ամբողջ տարածքից հեռացվել է հողը և խճապատվել ճանապարհը։ Ի դեպ ճանապարհը լայնացվել է, իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ արդեն 100-ից ավելի նոր, ավելի որակյալ ու ապահով բետոնե էլեկտրասյուներ են տեղադրվել, ինչը ավելի ապահով է դարձնելու բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիան։ Իսկ նախկինում եղել են դեպքեր, երբ քամու հետևանքով էլեկտրասյուները տապալվել են։

Այս պահին աշխատանքները մեծ թափով առաջ են ընթանում, և, ըստ ճանապարհաշինարարների, արդեն մեկ անգամ անակնկալ աշխատանքների ստուգման նպատակով ժամանել է ՏԿԵ նախարար Դ. Խուդաթյանը։


 

80