Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Իրանի հետ ձգձգվող պատերազմից դուրս գալու համար պետք է յուրացնի «լավ պարտվելու դիվանագիտական արվեստը»։ Այս մասին գրում է «Foreign Policy» պարբերականը։
Հրատարակության գնահատմամբ՝ Թրամփի վարչակազմն ի սկզբանե ելնում էր այն համոզմունքից, որ Իրանին կարելի է ստիպել կապիտուլյացիայի ենթարկվել բացառապես ռազմական ուժի միջոցով։ Սակայն գրեթե հիսուն տարվա ճնշման փորձը ցույց է տալիս, որ այն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ զուգորդվում է խթանների և դիվանագիտության հետ։ Եթե Թրամփը շարունակի հավատալ, թե Իրանը «պարզապես կհանձնվի», ապա կձախողի։
Հոդվածում ընդգծվում է, որ հակամարտության յուրաքանչյուր նոր փուլով Վաշինգտոնի բանակցային դիրքերն ավելի են թուլանում։ Սպառվում են զինամթերքի պաշարները, աճում է պատերազմի ներքաղաքական գինը, իսկ հութիների հարձակումները սպառնում են համաշխարհային տնտեսությանը։
Հեղինակների կարծիքով՝ թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Իրանը իրենց հաղթող են համարում։ ԱՄՆ-ն պահպանում է ռազմական գերազանցությունը, սակայն Իրանը դիմակայել է պատերազմին, վնասներ է հասցրել հակառակորդին և ձեռք է բերել ազդեցության նոր լծակ՝ վերահսկողություն Հորմուզի նեղուցով նավարկության նկատմամբ։ Այդ պատճառով երկու կողմերն էլ բանակցությունները ընկալում են որպես կապիտուլյացիա՝ վիճելով միայն այն հարցի շուրջ, թե ով պետք է առաջինը ընդունի դա։
Հեղինակների համոզմամբ՝ կայուն համաձայնության հասնելու բանալին այն է, որ երկու կողմերին էլ հնարավորություն տրվի իրենց հաղթող հայտարարել։ Դրա համար անհրաժեշտ է կենտրոնանալ սահմանափակ և հստակ նպատակների վրա, այլ ոչ թե համապարփակ կարգավորման։ Այդպիսի համաձայնության հիմք կարող է դառնալ 2026 թվականի հունիսին ստորագրված փոխըմբռնման հուշագիրը։
Այդ դեպքում ԱՄՆ-ը կարող է հասնել նրան, որ Իրանը դադարեցնի Հորմուզի նեղուցում նավարկության նկատմամբ միակողմանի վերահսկողությունը։ Բացի այդ, կպահպանվի ապագա բանակցությունների հիմքը Իրանի միջուկային ծրագրի շուրջ․ մասնավորապես, հուշագրով ամրագրված միջուկային ծրագրի ներկայիս վիճակը ԱՄՆ-ին ժամանակի առավելություն կտա։
Իրանը, իր հերթին, կարող է ստանալ զգալի ֆինանսական փոխհատուցում և պատժամիջոցների թուլացում, մասնավորապես՝ նավթի վաճառքի անժամկետ թույլտվություն։ Բացի այդ, կճանաչվի նրա ուժեղացած դերը Հորմուզի նեղուցում։
Իրանի անմիջական վերահսկողության փոխարեն առաջարկվում է ստեղծել ՄԱԿ-ի հովանու ներքո գործող կառույց՝ Իրանի, Օմանի և Պարսից ծոցի այլ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ռոտացիոն սկզբունքով։ Այդ մարմինը հեռավար կհետևի նավարկությանը և կկարգավորի վեճերը՝ պաշտոնապես ամրագրելով Իրանի առաջատար դերը, սակայն սահմանափակելով նեղուցը միակողմանիորեն փակելու նրա հնարավորությունները։
«Foreign Policy-ի հեղինակները եզրակացնում են, որ երկարաժամկետ կայունության հասնելու համար «մտրակի և քաղցրաբլիթի» (ճնշման և խթանների) ռազմավարությունն ավելի մեծ հաջողության հնարավորություն ունի, քան էսկալացիայի շարունակումը, որը հակամարտությունը տանում է փակուղի և ավելի մեծ կորուստներ է պատճառում բոլոր կողմերին։ Թրամփի համար դա նշանակում է ցավոտ, բայց անհրաժեշտ հրաժարում անվերապահ հաղթանակի հասնելու հույսերից։