Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի հետ խաղաղության ճանապարհին ձեռք բերված առաջընթացը նոր հնարավորություններ է ստեղծում ողջ տարածաշրջանի համար, այդ թվում՝ կայունության և տնտեսական համագործակցության տեսանկյունից։ Շվեյցարիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ճանապարհին ձեռք բերված առաջընթացը, ինչպես նաև հակամարտությունը հաղթահարելու համար երկու կողմերի ցուցաբերած քաղաքական կամքը, քանի որ այդ հակամարտությունը երկար տարիներ տառապանք է պատճառել։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանում գտնվող Շվեյցարիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսը՝ պատասխանելով «Azertac»-ի այն հարցին, թե ինչպես է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև Ադրբեջանով տարանցիկ ճանապարհով դեպի Հայաստան բեռնափոխադրումների իրականացման, Հայաստան վառելիքի մատակարարումների գործընթացը։
«Այս մասին ես խոսում եմ որպես Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար և միաժամանակ որպես ԵԱՀԿ գործող նախագահ։ Առաջիկա այցի ընթացքում նույն ուղերձը կփոխանցեմ նաև Երևանում։
Շվեյցարիան հանդես է գալիս երկխոսությանն աջակցելու և վստահության ամրապնդման օգտին։ 2022 թվականին Ժնևում կայացել են երկու երկրների արտաքին գործերի նախարարների բանակցությունները, և մենք պատրաստ ենք աջակցել կարգավորման ճանապարհին իրականացվող քայլերին, երբ դա կարող է օգտակար լինել։
Առևտրի, տրանսպորտային կապերի և վստահության ամրապնդմանն ուղղված այլ միջոցների վերականգնումը հույս է ներշնչում։ Մենք ակնկալում ենք, որ երկու կողմերն էլ կշարունակեն շարժվել դեպի կայուն խաղաղություն, որը օգուտ կբերի երկու երկրների ժողովուրդներին»,- նշել է նախարարը։
Նա նաև հավելել է, որ անհամբեր սպասում է դեկտեմբերին Լուգանոյում կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներին ընդունելու հնարավորությանը․ «Շվեյցարիայի նախագահության ընթացքում մենք մտադիր ենք ամրապնդել ԵԱՀԿ-ն՝ որպես երկխոսության հարթակ։ Սա այն սակավաթիվ վայրերից մեկն է, որտեղ բոլոր 57 մասնակից պետությունները շարունակում են նստել մեկ սեղանի շուրջ։ Լարվածության պայմաններում նույնիսկ նման երկխոսության շարունակությունն ինքնին ձեռքբերում է, իսկ մեր խնդիրն է օգտագործել այդ հնարավորությունը վստահությունը վերականգնելու համար»։