Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վերջին շրջանում Պաշտպանին հասցեագրվող դիմում-բողոքների, թեժ գծին ստացվող զանգերի, սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի մարզային այցերի արդյունքները վկայում են, որ թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել։ Այս մասին հայտնում է ՄԻՊ-ը։
«Այս առումով խիստ մտահոգիչ է այն, որ տարիներ շարունակ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրացվող և լրջագույն բացասական հետևանքների հանգեցնող խնդրին լուծում չի տրվում։ Մարդու իրավունքների պաշտպանը տարբեր ձևաչափերով, այդ թվում՝ իր գործունեությունն ամփոփող հաղորդումներում տարիներ շարունակ բարձրաձայնում է թափառող շների հարձակումների կանխարգելման ոլորտում առկա համակարգային և բազմաշերտ խնդիրները՝ շեշտադրելով դրանց ազդեցությունը մարդու կյանքի, առողջ ու անվտանգ շրջակա միջավայրում ապրելու իրավունքների պատշաճ իրացման վրա։
Հաշվի առնելով մարդու իրավունքների խախտումների վտանգավորության աստիճանն ու խնդրի հրատապությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանը յուրաքանչյուր դեպքով պարզաբանումներ է պահանջել իրավասու մարմիններից՝ հատուկ ընդգծելով, որ խնդրի արդյունավետ լուծման համար անհրաժեշտ են համատեղ ջանքեր ու մասնագիտական քննարկումներ բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հետ։ Պաշտպանն ընդգծել է նաև, որ անհրաժեշտ է ստեղծել համապատասխան իրավական դաշտ և նախատեսել բավարար ֆինանսավորում՝ արձանագրված խնդիրներին պատշաճ լուծում տալու համար։ Ընդ որում, խնդրի լուծմանն ուղղված միջոցառումները պետք է կրեն համալիր բնույթ։ Այս տեսանկյունից կարևոր է նաև աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների ապահովումը։
Թեև Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ և իրավասու մարմինների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում մի շարք անհատական դիմում-բողոքներով բարձրացվող հարցերի հնարավոր է լինում տալ լուծում, այնուհանդերձ, դրանք իրավիճակային են և համակարգային առումով խնդիրը շարունակում է մնալ չլուծված։
Պաշտպանի աշխատակազմի կատարած ուսումնասիրությունները և ստացված տվյալները վկայում են, որ շարունակում է չլուծված մնալ նաև թափառող շների հարձակման հետևանքով մարդկանց առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման հետ կապված խնդիրը։
Վերոգրյալի հաշվառմամբ՝ Պաշտպանը մեկ անգամ ևս ընդգծում է, որ մարդկանց վրա թափառող շների հարձակման դեպքերը կանխելու ուղղությամբ պետությունը պետք է մշակի և իրացնի առավել արդյունավետ և գործուն կառուցակարգեր, որոնք առավելագույնս կնպաստեն խնդրի լուծմանը, կապահովեն մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը և կբխեն կենդանիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի պահանջներից։
Դրանից բացի, մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ունեցած պոզիտիվ պարտականությունների համատեքստում պետությունը պետք է մշակի և իրացնի կառուցակարգեր՝ թափառող շների հարձակման հետևանքով քաղաքացիների առողջությանը պատճառված վնասի հատուցման վերաբերյալ իրավական հիմքերի ստեղծման և գործնականում դրանց պատշաճ կիրառության նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։