Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դեպարտամենտի ղեկավար, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսի միջև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում։
Այդ մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է X սոցիալական ցանցում։
Նախարարները քննարկել են Ադրբեջանի և Շվեյցարիայի երկկողմ օրակարգը, Շվեյցարիայի՝ ԵԱՀԿ-ում նախագահության առաջնահերթությունները, Ադրբեջանի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանում հետհակամարտային իրավիճակը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Ջեյհուն Բայրամովը գործընկերոջը տեղեկացրել է խաղաղության գործընթացի ներկայիս փուլի, երկու երկրների միջև փաստացի խաղաղության հաստատման և վստահության ամրապնդման ուղղությամբ իրականացվող միջոցառումների մասին։ Նա ընդգծել է, որ երկկողմ ձևաչափում ձեռք բերված առաջընթացը հերթական անգամ ցույց է տվել այդ մոտեցման արդյունավետությունը։