Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ռուանդայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոզեֆ Նզաբամվիտան։

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում։

«Շատ կարևոր է, որ ակտիվացնում ենք մեր երկու երկրների հարաբերությունները։ Արդեն իսկ պայմանավորվածություններ կան քաղաքական խորհրդակցություններ սկսելու վերաբերյալ։ Իհարկե, մենք պետք է կարողանանք նաև ապահովել այդ գործընթացի շարունակականությունը»,- նշել է նախագահ Խաչատուրյանը՝ ընդգծելով առկա ներուժն իրացնելու և երկկողմ հարաբերությունների օրակարգը գործնական բովանդակությամբ համալրելու անհրաժեշտությունը։

Դեսպան Ջոզեֆ Նզաբամվիտան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Հայաստանի նախագահին փոխանցել Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեի ողջույնները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ռուանդայի միջև երկկողմ համագործակցության զարգացման հնարավորություններին։ Կողմերը կարևորել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների ձևավորման ու իրականացման հնարավորությունների ուսումնասիրությունը՝ առանձնացնելով արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտները։

Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ այս ուղղություններով համագործակցությունը կարող է հիմնվել երկու երկրների առկա փորձի և ներուժի վրա՝ նպաստելով նոր կապերի ձևավորմանն ու փոխշահավետ նախաձեռնությունների իրականացմանը։

Անդրադառնալով միջազգային և բազմակողմ համագործակցությանը՝ կողմերը կարևորել են Ֆրանկոֆոնիայի շրջանակում փոխգործակցության ակտիվացումը, ինչպես նաև դեպի ծով ելք չունեցող երկրների ձևաչափերում համագործակցության հնարավորությունների առավել արդյունավետ օգտագործումը։

Նշվել է, որ այս հարթակները կարող են նպաստել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ դիրքորոշումների փոխանակմանը, փորձի ներկայացմանը և համատեղ նախաձեռնությունների առաջմղմանը։

Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերի ընդլայնումն ու նոր ուղղություններով համագործակցության զարգացումը։ Նրա խոսքով՝ այս համատեքստում Ռուանդայի հետ հարաբերությունների ակտիվացումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ բազմակողմ հարթակներում փոխգործակցության համար։

Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև քաղաքական երկխոսության շարունակականության ապահովումը, փոխադարձ շփումների ակտիվացումը և երկկողմ հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ գործնական քայլերի հետևողական իրականացումը։

173