Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հզոր պայթյուն է տեղի ունեցել Հռոմից ոչ հեռու գտնվող Կոլեֆերո քաղաքի ցամաքային և ռազմածովային ուժերի համար զինամթերք արտադրող KNDS Ammo Italy գործարանում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Ընկերությունը զենք է մատակարարում նաև Ուկրաինային։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել վառոդի սեղմման արտադրամասում։ Դրանից քիչ առաջ գործարանում հրդեհ էր բռնկվել, որը մարելու համար հրշեջները ժամանել էին ոստիկանության ուղեկցությամբ։
Corriere della Sera թերթի տվյալներով՝ վիրավորների կամ անհայտ կորածների մասին հաղորդագրություններ չկան։ Կոլեֆերոյի քաղաքապետը լրագրողներին ասել է, որ միջադեպի ժամանակ գործարանում գրեթե ոչ ոք չի եղել։
KNDS Ammo Italy-ն ֆրանս-գերմանական պաշտպանական կոնցեռնի մաս է կազմում։ Ընկերության տվյալով՝ հարյուրից ավելի մարտական համակարգեր ներկայումս գտնվում են Ուկրաինայի զինված ուժերում։ Ուկրաինայում գործում է KNDS Ukraine-ի դուստր ձեռնարկությունը, որը վերանորոգում և սպասարկում է կոնգլոմերատի տեխնիկան, արտադրում է պահեստամասեր և հրետանային արկեր։
Reuters-ը հիշեցնում է, որ վերջին շաբաթվա ընթացքում դա երկրորդ նմանատիպ միջադեպն է։ Երեք օր առաջ հրդեհ էր բռնկվել Բուլղարիայի զենքի գործարանի պահեստում, որը 2014 թվականից արկեր և սպառազինություն էր մատակարարում Ուկրաինային։