Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սուբվենցիոն ծրագրերի՝ հաջորդ տարի տեղափոխման վերաբերյալ շրջանառվող լուրերն ու համայնքներին ուղարկված գրությունները պայմանավորված են բացառապես հայտերի ներկայացման սահմանված ժամկետների խախտումներով:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նախարարի խոսքով՝ տարվա սկզբին սուբվենցիոն աշխատանքների համար հստակ ժամկետ է սահմանվում՝ օրինակ՝ մինչև ապրիլի 1-ը։ Սակայն ընթացքում նախարարությունը ստիպված է լինում դիտարկել նաև ավելի ուշ՝ մայիսին, հունիսին կամ հուլիսին ստացված հայտերը, որպեսզի ընթացիկ տարում շինաշխատանքներ իրականացվեն:

«Այս պրոցեսն անվերջ շարունակվել չի կարող, և մի պահից առաջարկում ենք հավաքել այդ աշխատանքները և դրանք իրականացնել հաջորդ տարի»,-ընդգծել է նա՝ հավելելով, որ որոշումը պայմանավորված է բացառապես տեխնիկական և ընթացակարգային պատճառներով:

Լրագրողի դիտարկմանը թե նման դեպքեր գրանցվել են ընդդիմադիր համայնքապետեր ունեցող Վանաձորում և Կապանում, Խուդաթյանը հակադարձել է.

«Վանաձորում համայնքի ղեկավարն առնվազն ընդդիմադիր քաղաքական հայացքներ չունի։ Ինչ վերաբերում է Կապանին, պիտի ասեմ, որ Կապանը Սյունիքի մարզում ամենամեծ ծավալի սուբվենցիոն աշխատանքներ իրականացնող համայնքներից մեկն է։ Այդ բոլոր աշխատանքները հաստատել և համաֆինանսավորել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, և հետևաբար, եթե մենք քաղաքական հայացքներով նայեինք այս աշխատանքներին, այդ ծավալի աշխատանքներ չէինք հաստատի։

Բացառապես դրանով է պայմանավորված։ Մենք 2026 թվականի ընթացքում ռեկորդային ֆինանսական կշիռ ունեցող հայտեր ենք հաստատել, որոնք վերաբերում են համայնքային ենթակառուցվածքների տարբեր ուղղությունների զարգացմանը՝ մանկապարտեզներ, ջրագծեր, գազատարներ, լուսավորության ցանցեր, այգիներ, բնականաբար ասֆալտապատման աշխատանքներ, խմելու և ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքներ»։

Խուդաթյանը նաև հայտնել է, որ աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով առաջին անգամ կիրառվելու է նոր ձևաչափ. 2027 թվականի սուբվենցիոն հայտերը կհավաքվեն մինչև 2026 թվականի տարեվերջ: Մինչև 2026 թ. տարեվերջ նախատեսվում է ամփոփել հայտերը, անցկացնել միջգերատեսչական հանձնաժողովի նիստերը, ինչի շնորհիվ հաստատված ծրագրեր ունեցող համայնքները կկարողանան շինարարական աշխատանքները սկսել 2027 թվականի օրացուցային տարվա հենց մեկնարկից:

273