Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սյունիքի մարզի Կապան քաղաքում WWF-Հայաստանը կազմակերպեց SMART գործիքի կիրառման հնգօրյա դասընթաց, որը համախմբեց Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության և «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի ներկայացուցիչներին։ Դասընթացի նպատակն էր զարգացնել մասնակիցների տեխնիկական կարողությունները SMART գործիքի արդյունավետ կիրառման ուղղությամբ։ 

Էկոպարեկային ծառայությունից հայտնում են՝ դասընթացը համատեղեց տեսական և գործնական ուսուցումը։ Մասնակիցները աշխատեցին SMART ծրագրային ապահովման և SMART Mobile գործիքի հետ, սովորեցին ստեղծել և կառավարել բնապահպանական տարածքների տվյալների բազաներ, կարգավորել տվյալների մոդելներ, պլանավորել պարեկություններ, աշխատել քարտեզների և GIS գործիքների հետ, իրականացնել դաշտային տվյալների հավաքագրում, ինչպես նաև վերլուծել տվյալներն ու պատրաստել հաշվետվություններ SMART համակարգում։ 

Ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկը դաշտային վարժություններն էին, որոնց ընթացքում մասնակիցները գործնականում կիրառեցին SMART Mobile-ը՝ տվյալների հավաքագրման, ներմուծման և մշակման ամբողջական աշխատանքային հոսքը փորձարկելով իրական պայմաններում։ 

Դասընթացը վարեցին WWF-ի Պահպանվող և բնապահպանական տարածքների տեխնոլոգիական գլոբալ պատասխանատու Ալեքսանդր Ուայաթը, WWF-ի Պահպանվող և բնապահպանական տարածքների կառավարում և տեխնոլոգիաներ ծրագրի պատասխանատու Էլենա Լեվորատոն և WWF-Հայաստանի SMART-ի գծով մասնագետ Մարգարիտա Մանվելյանը։ 

 

Դասընթացն ավարտվեց SMART գործիքի ներդրման ընթացքում առաջացող մարտահրավերների, կառավարման աշխատանքային գործընթացների, տեղանքին բնորոշ կարիքների և Սյունիքի մարզում SMART-ի փորձնական ներդրման հաջորդ քայլերի քննարկմամբ։

Ծրագրի շրջանակում Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչությանը տրամադրվեց 11, իսկ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ին՝ 4 պլանշետ։ Առաջիկա ամիսների ընթացքում ծրագիրը կշարունակի աջակցել նշված կառույցներին անհրաժեշտ սարքավորումներով և վերապատրաստումներով՝ մինչև SMART գործիքն ամբողջությամբ գործարկվի Սյունիքի մարզում։

63